Պետք է կարողանանք մեր մեջ ուժ գտնել այս ահավոր մղձավանջը թոթափելու համար…

Մեր զրուցակիցն է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը: Աշխատասեր, երկրի ապագայի համար մտահոգ, գործունյա ու երիտասարդ գործիչը ավագանու նիստերում մշտապես բարձրաձայնում է երևանցիներին մտահոգող և հուզող հարցեր՝ առաջարկելով դրանց հետաքրքիր և արդյունավետ լուծումներ: Այս օրերին, երբ պատերազմական վիճակի և դրա հանգուցալուծման հետ կապված հարցերը բոլորիս ուշադրության կենտրոնում են, բնականաբար երկրում կատարվող իրադարձություններին անմասն չի մնում նաև նա: <<Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մեր երկրի դեմ սանձազերծված պատերազմն ու դրա հանգուցալուծումն հնարավոր չէ շրջանցել>>.-նշում է Մարկոս Հարությունյանը և հավելում.

-Այլևս անժխտելի է. մենք պետք է կարողանանք մեր մեջ ուժ գտնել այս ահավոր մղձավանջից դուրս գալու և պատերազմի հետևանքները թոթափելու համար: Առաջին քայլը, որ պետք է արվի, վարչապետի հրաժարականի պահանջն է. երկիրը կապիտուլյացիայի ենթարկած վարչապետը իրավունք չունի ալյևս պաշտոնավարել թեկուզ մեկ օր, որովհետև մենք երաշխիք չունենք, թե վաղը մեր մեջքի հետևում ինչ փաստաթղթեր են ստորագրվելու: Եթե պետք է այդ հողերը վերադարձվեին, կարելի էր մինչև պատերազմի սկսվելը այդ խնդիրը քննարկել մեզ՝ երկրի քաղաքացիներիս, երիտասարդներիս հետ, խոսել, բացատրել, ասել, որ ցավոք սրտի Հայաստանի իշխանությունները 25 տարի շարունակ վարել են այնպիսի բանակցություններ, որոնք դիվանագիտական ճանապարհով շարունակելու հնարավորություն այլևս չկա, և այլընտրանքը պատերազմն է: Թողներ, որ մենք երիտասարդներս որոշեինք. մինչև զոհվելը կռվելու ենք այդ հողերը պահպանելու համա՞ր, թե՞ մենք համաձայն ենք, որ այդ 7 տարածքները հանձնվեն Ադրբեջանին, ու մեզ միայն միջանցք թողնվի: Այնուհետև, ինչպես նշվել էր, Արցախի հանրապետությունը անկախ ճանաչվի: Ուզում եմ հիշեցնել, որ պատերազմի դաշտ մտնելուց առաջ պետք է ուժերը ճշգրտորեն հակակշռվեին,հավասարակշռվեին, գնահատվեին ռիսկերը տարբեր փուլերում: Ես ավելի քան վստահ եմ, որ ոչինչ չի արվել: Ամբողջ բեռը թողնվել է զինվորականների վրա, Վարչապետն էլ պարբերաբար քիթը խոթել և խոչընդոտել է զինվորականների աշխատանքին: Այնպես որ երկրի ապագան կարելի է դիտարկել Փաշինյանի հրաժարականով, ժամանակավոր կառավարության ձևավորմամբ: Տեղի կունենան արտահերթ ընտրություններ, որից հետո պարզ կլինի, թե որ քաղաքական ուժն է երկիրը ղեկավարելու ծանր բեռը ստանձնելու և փորձելու երկիրը դուրս հանել ստեղծված վիճակից:

 -Պարոն Հարությունյան, որոշ միջազգայնագետներ նշում են, որ Իսրայելի նման երկիրը 1948 թվականին որպես պետություն ճանաչվելուց հետո առաջին քայլը արել է դիվանագիտության, հետախուզության և հակահետախուզության ոլորտներում՝ շեշտը դնելով այդ երեք գործոնների վրա: Երկար տարիներ Հայաստանը կայացած պետություն համարելու միֆը կարծես թե հօդս է ցնդում: Որտե՞ղ ենք թերացել:

-Պետք է ասեմ, որ մինչ օրս կոնկրետ գնահատականներ չեն տրվել հետախուզության և հակահետախուզության մասով, բայց դիվանագիտության առումով թերի է եղել, և դա կարող են փաստել բոլորը: Ես էլի եմ կրկնում, եթե միջազգային ասպարեզներում դիվանագիտությունը կաղացել է, պետք է գոնե կարողանալ ճշմարտությունն ասելու դիվանագիտությամբ մոտենալ սեփական ժողովրդին, ներկայացնել, թե մենք միջազգային ատյաններում ինչպիսի խնդիրներ և ինչպիսի այլընտրանք ունենք: Ինչպես ժողովուրդը աննախադեպ որոշում կայացրեց՝ հրապարակում վարչապետ ընտրեց, և հենց հրապարակում էլ բազմաթիվ կարևորագույն հարցեր քննարկվեցին, այնպես էլ ճիշտ կլիներ Հայաստանի դիվանագիտության ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկը գոնե հանրաքվեի միջոցով լուծել՝ հասկանալ հասարակության տեսակետը և հետո միայն դրանից բխող որոշում կայացնել: Բացի այդ, պետք է ազդակներ ուղարկվեին միջազգային հանրությանը <<տեսեք, ես այդ պրոցեսը սկսել եմ սեփական ժողովրդիս հետ>> համատեքստով, որպեսզի մենք էլ հասկանայինք՝ այդ տարածքները վերադարձնո՞ւմ ենք, թե՞ պատրաստվում ենք պատերազմի: Նախօրոք պետք է սեփական ժողովրդին ներկայացվեր, թե ինչպիսի՞ ռիսկեր են լինելու, և՞ ինչ շանսեր ունենք: Գաղտնիք չէր, և մենք բոլորս էլ հրաշալի գիտակցում էինք, որ եթե պատերազմ սկսվի, Թուրքիան ներգրավված է լինելու: Իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի նման կառույցում իր բանակի խոշորությամբ ու պրոֆեսիոնալությամբ երկրորդն է: Սակայն, ես պետք է բարձր գնահատեմ մեր զինվորի, մեր հայրենակիցների կատարած սխրանքը: Անգնահատելի է հայ զինվորի սխրանքը: Վստահ եմ՝ նման հարձակման ոչ մի պետության բանակ չէր դիմանա: Բազմաթիվ ռազմագետներ հաստատում են, որ նման խտության կրակ աշխարհում ոչ մի տեղ ոչ մի պատերազմի ժամանակ չի կիրառվել:

Այսինքն, հայոց բանակը մարտունա՞կ էր, ինչպես միշտ նշվում է:

-Մարտունակ բանակի գաղափարը մեզանից յուրաքանչյուրի մեջ է: Մարտունակ բանակը մարտնչող Հայ Զինվորն է, նրա մարտական ու հայրենասիրական ոգին: Հայ նվիրյալ զինվորը ցույց տվեց, որ անկախ ամեն ինչից պատրաստ է ցանկացած պարագայում և ամեն պահի կանգնել մեր պետության կողքին, սատար լինել՝ ով ինչով կարող է: Սակայն այդ ամենից հետո սեփական ժողովրդին դավաճան անվանելը, կարծում եմ, նողկալի քայլ է: Երկրում կա մեկ դավաճան, և այդ դավաճանը նա է, ով իր ժողովրդի թիկունքում կապիտուլյացիայի պայմանագիր է ստորագրում, ոչ թե նա, ով իր վերջին կտոր հացն էր ուղարկում սահմանում կանգնած զինվորին, և իր մինուճարին՝ իր տան ճրագին էր ուղարկում հայրենիքը և հայրենի սահմանը պաշտպանելու: Ցավոտ թեմա է. իմ կարծիքով, գերագույն գլխավոր հրամանատարը իրավունք չուներ պատերազմի հենց առաջին օրերից պատերազմի դաշտում դավաճաններ փնտրել և քավության նոխազ դարձնել: Ճիշտ հակառակը, նա պետք է ինքն իրեն ուղղեր այդ հարցը. ինչպես է իր հրամանատարության ներքո գտնվող կառույցներում դավաճանություն կատարվել, և ինքը դրա մասին իմացել է միայն պատերազմի դաշտում, ռազմական գործողությունների ժամանակ: Այս առնչությամբ արդիական է նաև հարցադրումը, թե ինչի՞ է վերածվել Ազգային անվտանգության ծառայությունը: Հիշում ենք, թե այս ընթացքում կառույցում քանի ղեկավար է փոխվել: Բնականաբար, մեկ ամիս պաշտոնավորող պաշտոնյայից չի կարելի պահանջել, որ նա գնահատի երկրում կատարվող իրադարձությունները: Կարծումեմ, որ այն, ինչ կատարվել է այս կառույցում, միտումնավոր էլ արվել է, որպեսզի հետագայում ոչ ոք ոչ մեկից պահանջներ չունենա:

-Հանրության լայն շրջանակներում քննարկման առարկա է դարձել անհետ կորածների և գերիների հարազատների դժգոհոթյունը ներկա իշխանություններից: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ես վստահ եմ, որ իշխանությունների կողմից պատերազմի առնչությամբ ստեղծված շիլաշփոթը, գերիների, անհետ կորածների և զոհերի թվի մասին անտեղյակությունը ուղղակի աններելի են: Պետք է շուտափույթ քայլեր ձեռնարկվեին. մեր դաշնակից պետությունների և համապատասխան միջազգային կառույցների միջոցով պետք է դիմեինք և փոխանակեինք մեր զոհվածների ու գերիների մարմինները: Մինչդեռ, դրա փոխարեն հայ հանրությունը ականատես է լինում, թե համացանցում գերիներին տանջող ու նվաստացնող ինչ տեսանյութեր են տարածվում: Այդուհանդերձ, ուզում եմ վստահեցնել, որ չպետք է վաղվա օրվա հանդեպ մեր հավատը կորցնենք, այլ պետք է հույսներս Աստծո վրա դնենք, որովհետև սեփական երկիրը շիլաշփոթի վերածած իշխանություններից ու կառավարությունից ինչ-որ բան պահանջելն անհեթեթություն է: