Լրագրող Արա Մարտիրոսյանի դստեր՝ Սվետլանայի հիշատակի խոսքը հոր մասին

Տնտեսագետ, վերլուծաբան ՀՊՄՀ դասախոս Արա Մարտիրոսյանի դուստրը՝ Սվետլանա Մարտիրոսյանը, հայրիկի մահվան օրը՝ մայիսի 20֊ին, հրապարակել է հիշատակի խոսք, որը ներկայացնում ենք ստորև.

Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ բոլորիցդ, ովքեր կողքիս էին հորս հիվանդության առաջին օրվանից։
Այսօր հայրս հանգավ ի Տեր։
Ինձ համար մի մտածեք, ես հանգիստ եմ։
Երջանիկ եմ, որ կարողացա գոնե երկու օր խնամել հորս։ Երկու օր` 21 տարվա դիմաց…
Պատերազմից սկսած հորս համար ապրելը բեռ էր դարձել։ Ամեն զոհված զինվորի հետ ավելի էր կոտրվում, օր ու գիշեր գրում էր, հետներս չէր խոսում, հաց չէր ուտում։ Հայրենինքն իր անձից շատ էր սիրում հայրս, հոգու ամբողջ զորությամբ պայքարում էր ստի ու տգիտության դեմ։ Հորս կյանքում մի անգամ եմ տեսել լաց լինելուց` նոյեմբերի 9-ին։ Հիշում եմ, ես ու ախպերս գրկեցինք ծնկներն ու մենք էլ հետը լաց եղանք։ Սպառվեց, չդիմացավ մղձավանջին, մի քանի օր առաջ էլ ռեանիմացիայում Սյունիքի մասին կարդալուց հետո ընդհանրապես վատացավ վիճակը։ Հոգնեց, կորցրեց իմաստը…
Հիմա ես հանգիստ եմ, որ հայրս վերջապես հանգիստ ու խաղաղություն գտավ կենդանի Աստծո ներկայության մեջ։
Հորս անունից եմ խնդրում բոլորիդ, մի հուսահատվեք ու մի տանջեք ձեզ։ Դժվար որևէ մեկը հասկանա, թե ով էր ինձ համար հայրս։ Ինձ մտածել ու ապրել սովորեցրեց։ Իմ բոլոր որոշումները, որ նա թույլ էր տալիս ու օրհնում էր իրագործել, ճիշտ էին դուրս գալիս։ Երբեք չէր սխալվում, պատկերացնո՞ւմ եք։
Մարդկանց ու երևույթներն իր միջոցով էի ճանաչում, իր պրիզմայով էի նայում աշխարհին։ Փոքր ժամանակ ասում էին` հորդ քսեռոքսն ես, իսկ երբ մեծացա, սկսեցին ասել՝ Սվետը իրա հոր տղեն ա։ Բախտավոր մարդ եմ․․․
Հորս ճանաչելով ու ճանաչելով Աստծուն` զգում եմ ու վստահ եմ, որ հորս հոգին խաղաղվեց։ Ոչինչ չեմ զգում, բացի իր անսահման սիրուց, որ հիմա լցվում է սիրտս ու ջերմացնում ամբողջ էությունս։ Հայրս կենդանի է, որովհետև սերը երբեք չի մեռնում։
Եթե ուզում եք ինչ-որ ձևով օգնել ինձ կամ ընտանիքիս, խնդրում եմ հետևյալը` կիրակի օրը Սուրբ և Անմահ Պատարագին հոգեհանգստի համար գրեք հորս անունը` Արա Մարտիրոսյան Ժորայի, դրեք խորանին, որ եկեղեցի էլ որ գնաք, ու ձեր ամբողջ սրտով, ասելիքով ու սիրով խնդրեք Աստծո Արքայությունը հորս համար։ Ու խոսեք, խոսեք հետը…
Դա մեծագույն բանը կլինի, որ կարող եք անել ընտանիքիս ու իմ ու Ձեր Արայի համար։
Օրհնյալ է Աստված, որ արժանացրեց ինձ նման հոր զավակ լինել,
Օրհնյալ է Աստված, որ ազատեց հորս անմարդկային անարդարության մեջ տանջվելուց…
Ես սիրում եմ քեզ պապ ջան, փառք Աստծո, դու գիտես, թե ինչքան։
Հիշատակդ օրհնությամբ ու խաղաղությամբ լինի, իմ անչար, քաղցրասիրտ, մեծահոգի, իմ ակունք ու սկիզբ,
ես գիտեմ, որ կենդանի ես ու հավիտյան ես ապրելու։
Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը 18:00-20:00 Լյուար սգո սրահում, Շահումյանի գերեզմանի ճանապարհին։
Հորս հեռախոսի համարը ինձ մոտ ա մնում։