Քաղաքապետարանը անուշադրության է մատնում քաղաքացիների դիմում-բողոքները.ավագանու անդամ

Երեւանի ավագանու նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը  ներկայացել էր մի ստվար թղթապանակով: Նա պարզաբանեց, որ իր մոտ  քաղաքացիներից ստացված ու քաղաքապետարանի կողմից անպատասխան թողնված դիմում-բողոքներն են:

«Այս քաղաքացիները մեծ բան չեն ցանկանում, ընդամենը՝ ծածկել Գետառի վրա , որպեսզի  գարշահոտություն չզգան: Բոլոր հարցերը մերժված են»:

Այնուհետև ավագանու անդամը ամբիոնից կոչով դիմեց մայրաքաղաքի բնակիչներին.

«Սիրելի երեւանցիներ, ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ 2.5 տարի դիմել եմ, գնացել եմ ձեր դիմում-բողոքների հետեւից, չեմ հուսահատվել, սպասել, որ կլինի, բայց բոլորը քաղաքապետարանի կողմից մերժվել են: Միլիարդավոր փողեր եք ծախսում անխնա կերպով, այդ մարդկանց ուզածը մեծ գումարների հետ կապված էլ չէ, բայց չեք անում»,- ասաց Ներսիսյանը:

Ըստ Ներսիսյանի՝ նման  աշխատաոճը սխալ է, պետք է հետևողականորեն մոտենալ քաղաքացիների խնդիրներին, անել ամեն ինչ, որպեսզի մարդկանց բարձրացրած հարցերը լուծվեն:

Նշենք, որ  Արմեն Ներսիյանի ելույթից առաջ քննարկվում էր   ավագանու նիստերին ներկա լինելու մասին հարցը, ինչի առնչությամբ Ներսիսյանը մի դիտարկում արեց. «Ջղայնանում եք, որ նիստերին քիչ մարդ է գալիս: Գա՝ ի՞նչ անի, իմ նման ջղայնանա՞: Գա, որ տեսնի՝ ինչ նամակներ ուղղում ենք՝ բոլորն անպատասխա՞ն են մնում: »:

Ներսիսյանի մեկ այլ դիտարկում ուղղված էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Ի?նչ է արվել քաղաքապետարանում՝ ավագանու նիստերի մասնակիցների համար:

«Անգամ մեզ նորմալ բաժակ չեք տրամադրում: Մի հատ ջուր եք տվել, աթոռներն էլ ամենաչոր աթոռներն են: Դուք՝ փափուկ տեղ նստած, իսկ մենք՝ չոր աթոռներին: Մեզ չեք գնահատում, չեք հարգում»

Հայկ Մարությանն  արձագանքելով Արմեն Ներսիսյանի՝ պլաստիկե բաժակների հետ կապված դժգոհությանը հանձնարարեց քաղաքապետարանի կազմակերպության վարչության պետ Արմինե Վարդանյանին տեղեկանալ,թե ավագանու անդամներից ով  է ուզում պլաստիկե բաժակներից խմել, ով ՝ ոչ: «Բայց եթե հիվանդացաք,մենք մեղավոր չենք» ,-զգուշացրեց Մարությանը:

Եզրափակիչ խոսքում Արմեն Ներսիսյանը քաղաքապետին առաջարկեց  վարկեր վերցնել եւ լուծում տալ քաղաքացիների խնդիրներին:

Լիլիթ Ավետիսյան