«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Հայաստան ապրանք ներկրող գործարարների զգալի մասը շտապում է իր կողմից ներմուծվող ապրանքների մաքսազերծումն ու պահանջվող այլ գործարքներն արագ ավարտել՝ մտավախություն ունենալով, որ Հայաստանում կարող են քաղաքական փոփոխություններ լինել, ու մաքսազերծման գործընթացը վերադառնա իր հին մեթոդներին:
Մեզ հետ զրույցում Արարատյան մաքսատան հաճախորդներից մեկը, ով զբաղվում էր էլեկտրատեխնիկայի ներմուծումով, նշեց, որ չնայած այս իշխանությունների բազմաթիվ ձախողումների ու Արցախի հարցում մեր պարտությանը՝ այնուամենայնիվ երեք տարի է, ինչ պակասել կամ դադարել են «լեւի» գումարները, զարտուղի ճանապարհով մաքսազերծումները ու, այսպես կոչված, իբր թե Արցախի համար պահվող գումարների գանձումը:
Շատ հետաքրքիր իրավիճակ է՝ չբացառելով, որ իշխանության ձգտող ընդդիմությունն իսկապես ունի դրական նպատակներ, իսկապես չի ցանկանում վերադառնալ նախկին համակարգին, սակայն մարդկանց մեջ վախ կա, ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում, ու թերեւս նախկինում գործած արատավոր բարքերի շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանն այսքանից հետո մնում է իշխանության, մի բան էլ հիմա իր թիմում պնդում են, որ հավաքելու են 60 % ձայն:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։