Ընտրատեղամասից քվեաթերթիկը դուրս բերելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Աբովյան քաղաքում՝ թիվ 29/20 ընտրատեղամասում, մի ընտրողի կողմից քվեաթերթիկը դուրս հանելու դեպք է արձանագրվել, որը կանխվել է Ոստիկանության աշխատակիցների կողմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, իրականացվում են անհրաժեշտ գործողություններ: Դրանց շրջանակներում կպարզվեն բոլոր հանգամանքները, այդ թվում՝ հանցավոր արարքում, սխեմաներում ներգրավված այլ անձանց հնարավոր ներգրավվածությունը»,- նշել է Աբրահամյանը:

Քրեական օրենսգրքի այդ հոդվածը վերաբերում է քվեարկության գաղտնիության խախտմանը, մասնավորապես, ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելուն, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելուն:

«Չխախտելով անմեղության կանխավարկածը՝ կրկին կոչ եմ անում ընտրություններում ներգրավված սուբյեկտներին՝ զերծ մնալ ընտրողի ազատ կամարտահայտման վրա ազդելու, նրան ուղղորդելու, նրա քվեարկությունը որևէ ձևով վերահսկելու և այդ նպատակով որևէ սխեմա կիրառելու փորձերից: Բացահայտված դեպքերն անհետևանք չեն մնալու և պատասխանատվությունից խուսափել չի լինելու»,- ընդգծել է Գոռ Աբրահամյանը: