Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է բազմաթիվ հարցերի լայն շրջանակ՝ փոխանցում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Երկու երկրների նախագահների հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի թեմային: Կրեմլի ղեկավարը ֆրանսիացի պաշտոնակցին իրազեկել է 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի մասին:

Նշվում է, որ հիմնականում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ տարածաշրջանում իրավիճակը կայուն է: Ստեղծվել են նորմալ տնտեսական գործունեության, տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման նախադրյալներ:

Ռուսաստանի նախագահն ուշադրություն է հրավիրել եվրոպացի գործընկերների, մասնավորապես, Ֆրանսիայի սերտ ներգրավվածության անհրաժեշտությանը ռազմական գործողություններից տուժած շրջանների բնակչության հումանիտար խնդիրները լուծելու գործում: Փոխադարձ պատրաստակամություն են հայտնել՝ տարբեր ասպեկտներով Լեռնային Ղարաբաղի կարգավորումը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, համակարգելու հարցում: