ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներ Սահմանադրական դատարանի որոշումից․ ինչ հիմնավորումներով են մերժվել ընդդիմադիրները

Սահմանադրական դատարանը հրապարակել է «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց հայրենիք» կուսակցության, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հիման վրա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ գործով ամբողջական որոշումը։

Հիշեցնենք, որ նշյալ կուսակցություններն ու դաշինքները պահանջում էին անվավեր ճանաչել ԱԺ արտահերթ ընտրությունները, սակայն հուլիսի 17-ին Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԿԸՀ որոշումը, այսինքն՝ ԱԺ արտահերթ ընտրություններն անվավեր չճանաչվեցին։ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է ամբողջական որոշումը եւ առանձնացրել հետաքրքիր դրվագները:

Օրինակ՝ անդրադառնալով ընդդիմադիրների այն դիրքորոշմանը, թե հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը չէր կարող մնալ վարչապետի պաշտոնակատար, Սահմանադրական դատարանի եզրակացությունում ասված է. «Սահմանադրական դատարանը փաստում է, որ Կառավարության հրաժարականից հետո՝ մինչեւ նորանշանակ վարչապետի պաշտոնի ստանձնումը, Կառավարության անդամների պաշտոնավարման շարունակականության սահմանադրական պահանջը վերաբերում է ոչ թե վարչապետից բացի Կառավարության մյուս անդամներին, այլ Կառավարության բոլոր անդամներին՝ ներառյալ վարչապետի պաշտոնում նշանակված անձի պաշտոնավարմանը: Ն. Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո վարչապետի պաշտոնում պաշտոնավարումը համահունչ է սահմանադրական կարգավորումներին»։

Անդրադառնալով իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի կիրառման մասին դիմումներին՝ ՍԴ-ն գտել է. «Չի հիմնավորվում, որ վարչական ռեսուրսը Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն ունեցող ուժի կողմից օգտագործվել է կազմակերպված եղանակով եւ ունեցել զանգվածային բնույթ, ուստի դրա օգտագործման համադրումը չի փաստում, որ այն որեւէ կերպ ազդել է ընտրությունների արդյունքների վրա»:

Անդրադառնալով ատելության խոսքի վերաբերյալ պնդումներին, դատարանը նշում է՝ Փաշինյանի կողմից ենթադրյալ բռնության կոչերի և սպառնալիքների՝ ընտրությունների արդյունքի վրա ազդեցության մասին փաստարկները վերացական են, զուրկ են որոշակիությունից և հիմնված են քաղաքական ելույթներից մեջբերված հատվածներում կառուցված առանձին արտահայտությունների վրա՝ առանց դրանց ընդհանուր համատեքստին անդրադարձի, և որ դրանք ուղղված են եղել քաղաքական մրցակիցներին, և ընտրողները չէին կարող դիտարկել դրանք որպես իրենց ուղղված սպառնալիք կամ ատելության խոսք։ Սահմանադրական դատարանն ընդգծում է՝ ընտրությունների արդյունքները կարող են անվավեր ճանաչվել, եթե խախտումներն էապես ազդել են թեկնածուների ստացած ձայների հարաբերակցության վրա, և ընդհանուր արդյունքն աղավաղված է։ Այսպես, Սահմանադրական դատարանի 9 դատավորների կայացրած որոշման մեջ տեղ են գտել ինչպես վարչական ռեսուրսների և ընդդիմադիրների արձանագրած խախտումների, այնպես էլ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արտահայտությունների մասին գնահատականներ։

Հավելենք, որ ՍԴ որոշումը բաղկացած է 87 էջից: ՍԴ որոշումից հետո «Հայոց Հայրենիք» կուսակցությունը հայտարարել է հարցը Եվրոպական դատարանում բարձրացնելու մասին։