Վարչապետին պետք է փայ հանել. ՉԻ

Այսօր խորհրդարանը կքննարկի և կընդունի Քրեական օրենսգրքի հետևյալ փոփոխությունները. «Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 500-ապատիկի չափով», եթե դա կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, «կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով»: Եթե դա պարբերական բնույթ է կրում, «պատժվում է տուգանքով` 1000-ապատիկից 3000-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով»: Իսկ «հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը»: Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը»։

«ՉԻ». Վերջ, այլևս պետք չէ մտահոգվել բյուջետային մուտքերի ճակատագրով: Տեղից էլ հայհոյող ազգ էինք, քաղաքական իրավիճակն էլ եկավ ու պարարտ հող ստեղծեց հայհոյանքի նոր հորիզոններ նվաճելու համար:

Հեսա կտեսնեք, թե ՊԵԿ նախագահը ինչ հպարտությամբ կզեկուցի, որ բյուջեն մի քանի տրիլիոն դրամով աճել է, իսկ կառավարության ղեկավարը անպայման կնշի, որ դա աննախադեպ իրավիճակ է Հայաստանի պատմության համար:

Մնում է համեստություն չանի և հարցնի՝ կոնկրետ ի՞ր մասով որքան է կազմում հայհոյանքներից գանձված գումարների չափը և որքան է իր անձնական ներդրումը բյուջեն հարստացնելու գործում: Ի վերջո, մարդը վաղուց էր աշխատում այդ ուղղությամբ, հայտարարում էր, որ պետք չէ մտահոգվել, երբ իրեն հայհոյում են, պարզապես հիմա որոշել է նաև դրանից եկամուտ ստանալ:

Եթե գումարները իսկապես ակնկալվածի չափ տպավորիչ լինեն, ապա պետք է անպայման փայ հանել նաև այն պաշտոնյաներին, որոնց հայհոյում են: Մարդիկ աշխատում են, որ բյուջեն լցվի, պետք է խրախուսել նրանց: Օրինակ՝ վարչապետի պաշտոնակատարի աշխատավարձը պետք է ավելացնել գոնե մեկ միլիոնով, գնահատել նրա անխոնջ աշխատանքը հայհոյանքի նոր հորիզոններ նվաճելու գործում: