Իմաստը ո՞րն է. Չորրորդ իշխանություն

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ-ն հայտարարել է, որ մտադիր է 44-oրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորել, որին կներգրավվեն նաև խորհրդարանից դուրս գտնվող ուժերի ներկայացուցիչները, ասել է. «Այդ ինստիտուտը ստեղծվել է ընդդիմության համար, որպեսզի ընդդիմությունը կարողանա այս կամ այն հարցի շուրջ իրականացնել քննություն: Իշխանությունը քննիչ հանձնաժողով ստեղծելով իրեն դնում է անհարմար վիճակում, որովհետև իշխանությունն ունի դատախազություն, ԱԱԾ, ՀՔԾ, Քննչական մարմիններ: Այսինքն՝ այդ բոլոր մարմիններն անգործունակ են, և հիմա պետք է ԱԺ-ում ստեղծվի քննիչ հանձնաժողով, որը օժտված չէ որևէ լուրջ լիազորությա՞մբ: Սա շարքային պոպուլիզմ է, որով փորձում են մաքրել իրենց մեղքերը: Բացառվում է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը մասնակցի այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքին»:

«ՉԻ». Պետք է խոստովանել, որ Արթուր Վանեցյանը այս հարցում տրամաբանական մեկնաբանություններ է արել: Որովհետև պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար իշխանություններն ունեն իրավապահ մարմիններ: Եթե ինչ-որ կասկածներ ունեն, թող իրավապահներին հրահանգեն, ստուգեն, քրեական գործ հարուցել, նախաքննություն իրականացնեն, պարզեն ճշմարտությունը:

Բայց եթե իշխանություններն այդքանը ունենալով՝ մի հատ էլ իրենց համար քննիչ հանձնաժողով են ստեղծում, ապա նշանակում է, որ չեն վստահում իրավապահ մարմիններին: Այդ դեպքում թող իրավապահ մարմիններում նշանակեն իրենց վստահելի մարդկանց:

Կամ, եթե այդ հանձնաժողովում պետք է լինեն խորհրդարանից դուրս գտնվող ուժերի ներկայացուցիչները, այդ դեպքում այս խորհրդարանի իմաստը ո՞րն է: Այսինքն՝ սա նշանակում է չվստահել նաև այս խորհրդարանին: Խորհրդարանական հանձնաժողով՝ խորհրդարանից դուրս գտնվող ուժերի մասնակցությամբ՝ սա ի՞նչ է:

Կամ էլ՝ փոխեք քննիչ հանձնաժողովի անունը և նպատակները: Հայտարարեք, որ այդ հանձնաժողովը ուսումնասիրելու է 44-oրյա պատերազմում նախկին իշխանությունների գործունեության և ունեցած դերակատարության հանգամանքները: Այ, դա արդեն լրիվ հասկանալի կլինի:

Դրա համար քաղաքական առումով ճիշտ կլիներ, եթե հանձնաժողովը ղեկավարեր ընդդիմության ներկայացուցիչը: Էլի իշխանությունները թող որոշեն՝ ում ընտրեն, թող մնացած անդամների մեծամասնությունը ՔՊ-ից լինի, բայց լրիվ այլ վերաբերմունք կլինի այդ հանձնաժողովի նկատմամբ: