Ութերորդ գումարման Ազգային Ժողովի պերճանքն ու թշվառությունը մեկ շաբաթում

Ութերորդ գումարման Ազգային Ժողովն իր աշխատանքի հենց առաջին շաբաթում էլի մեկ անգամ հաստատեց, որ յուրաքանրյուր հաջորդ Խորհրդարան որակապես գերազանցում է նախորդին բացասական իմաստով: Պիտի ասեինք «որակապես զիջում է», բայց քանի որ որակապես ավելի վատը դառնալու մրցավազք է, ապա «գերազանցել» բառը տեղին է և ոչ անպատշաճ: Այստեղ է, որ օբյեկտիվությամբ չտառապող վերլուծաբանների մի ստվար զանգված սկսելու է մեղադրել Ազգային Ժողովում գտնվողներին մանդատ տվող ժողովրդին: Բայց… Այո, ժողովուրդն է պատգամավորներին Ազգային Ժողով գործուղել, բայց ժողովուրդը ոչ մեկին մանդատ չի տվել իր համար ամենաբարձր ատյանում ծեծկռտուք սարքել, ոչ էլ լիազորել է ինչ-որ մեկին՝ իրենից թաքցնել, թե ինչով են զբաղված ազգընտիրներն իր օրենսդիր ատյանում անկախ զբաղեցրած պաշտոնից ու կուսակցական կամ «խմբակցական» պատկանելությունից:
Այն, ինչ տեղի ունեցավ Խորհրդարանում, առնվազն հարցեր է հարուցում. ա. արդյո՞ք պատգամավորները չեն գիտակցում, թե ինչպիսի գործունեության և, այո, նույնիսկ ինչպիսի ոճով ու ինչ ասելու համար են նրանք այդ դահլիճում հայտնվել, բ. արդյո՞ք ԱԺ նախագահը չի տիրապետում ԱԺ գործունեության թափանցիկության աստիճանի կարևորության գիտակցմանը: Ի վերջո, Ազգային Ժողովը Հայաստանում բացառապես ոչ մեկի մասնավոր կամ անձնական գործունեության տիրույթ չէ: Եվ անկախ նրանից, որ, այո, որոշ լրատվամիջոցների ու լրագրողների գործունեությունը, մեղմ ասած շրջանցում է մասնագիտական էթիկայի նորմերը, դա ոչ մեկին չի արտոնում գոնե առերևույթ չպահպանել Խորհրդարանի գործունեության թափանցիկությունը և փորձել հանրությունից թաքցնել այդ գործունեության ողջ պերճանքն ու թշվառությունը, որովհետև յուրաքանչյուր ընտրող ու քաղաքացի իրավունք ունի և պարտավոր է իմանալ, թե ինչ է անում իր քվեն Ազգային Ժողովում:
Փաստորեն բավական չէ, որ իր քվեն Ազգային ժողովում զբաղված էր ամբարտավան կեցվածքով հայտարարություններով, անկախ նրանից, թե որ խմբակցությունից էր այն հնչում, ի լրումն այդ ամենի՝ իր քվեն իրեն՝ ընտրողին զրկում է քվեի գործունեությանը հետևելու հնարավորությունից: Այս համապատկերում, իհարկե, պարզունակ է հնչում Արդարադատության նախարար Կարեն Անդրեսայանի դիտարկումը անվտանգության աշխատողների իրավունքների մասին բոլոր ընտրողների իրավունքների ոտնահարումն աչքի առաջ ունենալով: Փաստորեն Ազգային Ժողովումում քվեների մի մասը զբաղված է կեղտոտ լվացք կուտակելով, մյուս մասը՝ այդ լվացքը թաքցնելով:
Ուշքի եկեք, պարոնայք: Եթե դուք դեռ չգիտեք, որ լվացքը լվանալու համար է, ապա հիշեցնենք. տեխնոլոգիաները նոր լվացքի մեքենայի հնարավորություն տալիս են բոլոր հասարակություններին:
Հայկանուշ Գրիգորյան