ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ՖԲ իր էջում գրառում է կատարել

Սեպտեմբերի 9-ին ՀՀ և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանների հետ հանդիպմանը ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ահազանգեց հյուրընկալության համար տրվող աջակցության ծրագրի դադարեցման մասին, նշեց, որ եթե մարդիկ զրկվեն նաև 68 000 դրամից, լուրջ խնդիրների առաջ են կանգնելու։ Օպերատիվ կերպով ահազանգը հասցրի գործադիրին՝ խնդրելով՝
• Պարզաբանել հյուրընկալության համար տրվող աջակցության դադարեցման պատճառները, հստակեցնել ծրագրի երկարաձգման հնարավորությունները,
• Հստակեցնել գոնե կարճաժամկետ ծրագրի իրականացման հնարավորությունները, որպեսզի Արցախը կայունացման այս փուլը կարողանա հաղթահարել:
Ստացել եմ ամենևին չգոհացնող պատասխան, համաձայն որի՝
• Հյուրընկալության միջոցառումների իրականացման շրջանակներում բացահայտվել են բազմաթիվ խնդիրներ՝ կապված հասցեականության և կեղծ տվյալների ռիսկի կառավարելիության հետ, որի պատճառով ծրագիրը դադարեցվում է։
• Առաջիկայում նախատեսվում է 50 000 դրամ աջակցություն տրամադրել պատերազմի հետևանքով տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած առանձին խումբ քաղաքացիների՝ 4 ամիս ժամկետով:
ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին հեռադարձ տեղեկացրի իրավիճակի մասին, որի առնչությամբ Պաշտպանը ներկայացնում է հետևյալը.
• Մեկնարկած 50 000 և 25 000 դրամ գումարի չափով աջակցության միջոցառման ծրագիրը չի կարող բավարարել տեղահանված անձանց խնդիրների նույնիսկ մի մասի լուծումը՝ հաշվի առնելով, որ դրանք ընդգրկում են կենսագործունեության բոլոր ոլորտները, և ծրագիրը դադարեցնելու փոխարեն պետք է գործարկվեն ռիսկերը վերահսկող մեխանիզմներ։
• ՀՀ-ում շարունակում են բնակվել ԱՀ ավելի քան 20 000 տեղահանված քաղաքացիներ, որոնք մեծամասամբ ցանկություն ունեն վերադառնալ ԱՀ, բայց հասկանալի պատճառներով դա անհնար է: Սակայն ԱՀ տարածքում տեղահանված անձանց համար գործում են ԱՀ Կառավարության կողմից հաստատված ծրագրեր՝ ուղղված տեղահանված քաղաքացիների բնակարանային ապահովման հարցերի լուծմանը՝ փոխհատուցվում են բնակարանների կամ բնակելի տների վարձակալության վճարները կամ դրանց մի մասը։
Բախվում ենք հայկական երկու պետություններում գտնվող, սակայն միևնույն սոցիալական ծանր վիճակում հայտնված տեղահանված քաղաքացիների նկատմամբ խտրական մոտեցումների դրսևորման հետ:
Կառավարության ուշադրությունը հրավիրում եմ ԱՀ ՄԻՊ-ի կողմից ներկայացվող խնդիրներին, քանի որ հետպատերազմյան շրջանում անթույլատրելի է նման իրավիճակը։ Նույնիսկ եթե մի քանի կոռուպցիոն բացահայտումներ եղել են, դրանք չպիտի խոչընդոտեն կարիքավորներին՝ իրացնելու իրենց իրավունքները: Պետք է ներդրվեն գործուն մեխանիզմներ՝ բացառելու այդ արատավոր երևույթները:
Առաջարկում եմ Կառավարությանը հրատապ քննարկել և վերանայել այդ որոշումները, և մարդկանց կրկին տրամադրել հյուրընկալության համար տրվող, ինչպես նաև 68 000 դրամ աջակցությունը: Հետպատերազմական այս փուլում դրա կարիքը մարդիկ, հիրավի, շատ ունեն: