Երբ համարժեք են ընտանիքն ու պետությունը, արդունքը հայրենի բարեկարգ ու նորոգ քաղաք-ծննդավայրն է

Այցեքարտ. ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈւՄՅԱՆ.

Ծնվել է 1986թ. օգոստոսի 7-ին Մասիս քաղաքում: Գերասիմ Տոնոյանի անվան միջնակարգ դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո 2003-2007թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2007-2010թթ.՝ Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի աստիճան  «Հանրային կառավարում» մասնագիտությամբ: Տևական ժամանակ աշխատել է ,,Գոռ և Դավիթ,, ԱԿ/-ում` որպես ընկերության տնօրեն: 2011թ-ից ՀՀ վերահսկիչ պալատում ստանձնել է տարբեր պաշտոններ: 2014թ-ից եղել է ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի 3-րդ վարչության պետի տեղակալ: 2015թ-ի նոյեմբերից մինչ 2016թ-ի նոյեմբեր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում`իրականացրել է ներքին վերահսկողության վարչության պետի տեղակալի պարտականությունները: 2012թ-ին նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի, ապա՝ խորհրդականի դասային աստիճան: 2016թ-ի նոյեմբերի 14-ից ստանձնել է համայնքի ղեկավարի պաշտոնը և պաշտոնավարել մինչև ս.թ. նոյեմբեր:

Կենսագրությունը սոսկ ապրած տարիներով չի չափվում, այլ այդ տարիների մեջ ամփոփված գործերով։ Դավիթ Համբարձումյան անհատի կենսագրական տեղեկությունները փաստում են, որ գործ ունենք ձեռներեց, աշխատասեր մարդու հետ, ում հաջողության երաշխիքը պատասխանատվությունն է, պատասխանատվությունը սեփական գործի, անձի, յուրայինների, հայրենիքի, պետության, և առհասարակ, ամեն ինչի նկատմամբ։ Անհատականություն, ում համար ընտանիքն ու պետությունը համարժեք են, քանի որ նրա խորին համոզմամբ որքանով ճիշտ է այն, թե ընտանիքից է սկսվում հայրենիքը, նույնքան էլ ճիշտ է նաև այն, որ հայրենիքից է սկսվում ընտանիքը։ Եվ այս փոխադարձ կապի անքակտելիության մեջ է  եղել Դավիթ Համբարձումյանի որպես համայնքի ղեկավար հաջողությունների բանալին։ Դավիթին ճանաչողների վկայությամբ՝ նա, չնայած երիտասարդ տարիքին բավական հասուն է  միշտ էլ եղել է բարի կամքի տեր, սակայն քրիստոնյային բնորոշ համեստությամբ գերադասում է չխոսել արածի մասին:

Մասիսի երիտասարդ համայնքապետ, այժմ համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը Մասիս խոշորացված համայնքի՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցում է «Դավիթ Համբարձումյան» դաշինքով: Մասիսում բոլորն են ճանաչում նրան: Ճանաչում են ոչ միայն համայնքապետի իր գործունեությամբ, այլև որպես մտահոգ ու պատասխանատու մարդու, ով իր սկզբունքային ու աշխատասեր էությամբ կարողացել է իր գործունեության ընթացքում ուշադրության կենտրոնում պահել համայնքի բոլոր հատվածները, անձամբ խորամուխ լինել բոլոր խնդիրներին և վերահսկել դրանց լուծման ընթացքը: Բայց նաև՝ որպես Մասիսում ծնված ու իր կենսագրությունը հարազատ քաղաքում կերտած մեկին, ով մշտապես զբաղված է քաղաքի թե ներկայի անցուդարձով, թե վաղվա օրվա մտահոգությամբ:

Նրա մշտական ուշադրության կենտրոնում են եղել համայնքային զարգացման խնդիրները՝ սկսած փողոցների ու ճանապարհների հիմնանորոգումից ու լուսավորությունից մինչև ոռոգման համակարգի արդիականացում, հիվանդանոցի համալիր ծրագրի իրականացումից մինչև հայրենասիրական դաստիարակության խնդիրների լուծում: Բայց չնայած իր հագեցած առօրյային, չնայած համավարակի և հետպատերազմյան իրավիճակի առաջադրած ծանր խնդիրներին, միշտ էլ կարողացել է ժամանակ գտնել՝ շփվելու բնակիչների հետ, ծանոթանալու նրանց առօրյա հոգսերին ու խնդիրներին, որոնք հետո նորից արտահայտվել են խնդիրների գույքագրման և դրանց համալիր լուծումների որոնումների մեջ: Այդ գործում նրան մշտապես օգնել է իր անկեղծ, անմիջական բնավորությունը: Եվ դժվար է ասել՝ այդ անկեղծ անմիջականությա՞ն, բնակիչների հետ սերտ, առանց պայմանականությունների հաղորդակցությա՞ն, թե՞ կատարած սրտացավ աշխատանքի համար է նա վայելում համաքաղաքացիների սերն ու հարգանքը, ովքեր գնահատանքով են խոսում Դավիթ Համբարձումյանի ու նրա գործունեության մասին:

Հատկանշական է, որ նա նաև 4 զավակների հայր է,թերևս այդ իսկ պատճառով նաև ընտանիքների բարօրությամբ, բնակիչների կենսապայմանների բարելավմամբ է պայմանավորում ծնելիության խթանումը և ազգի ապագան տեսնում բազմազավակ ընտանիքների մեջ: Պատահական չէ, որ նրա կողմից մշտապես առանձնահատուկ կարևորվել են կրթամշակութային հաստատություններին, հատկապես մանկապարտեզներին վերաբերող խնդիրները, դրանց շենքային պայմանների արդիականացումը: Միայն 2021 թվականի ընթացքում Մասիսում երեք մանկապարտեզ է հիմնանորոգվում, ընթացքի մեջ են նաև Մասիսի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները: Դավիթ Համբարձումյանը հատուկ կարևորություն է տալիս ժամանակակից պայմաններով հագեցած մանկապարտեզների առկայությանը համայնքի բոլոր բնակավայրերում: Աշխատանքային գործունեության ընթացքում քաջածանոթ լինելով համայնքային բոլոր խնդիրներին և ուսումնասիրելով խոշորացվող համայնքի մյուս բնակավայրերում կուտակված խնդիրները՝ նա իր բազմաթիվ ծրագրերի իրականացման առանցքում է դիտարկում հենց կրթադաստիարակչական հարմարավետ միջավայրի առկայությունը համայնքում: Այս իմաստով էլ պատահական չէ, որ նա կարևորում է աշխատանքը բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են ու կարող են պայքարել հանուն համայնքի զարգացման…

Լիլիթ Ավետիսյան