Նոր ավտոբուսներն էլ կարժանանա՞ն հների բախտին

Երևանում վաղ առավոտից կանգառներում կուտակումներ են. մարդիկ չեն կարողանում աշխատանքի գնալ, քանի որ վարորդները բողոքի ակցիա են անում,Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի պարզաբանմամբ՝ աշխատավարձի բարձրացման պահանջով:

Իսկ դեռ երեկվանից Երևանի քաղաքապետարանի տարածած   հաղորդագրության համաձայն՝դեկտեմբերի 12-ից միջին դասի նոր ավտոբուսներով կսպասարկվեն Երևանի ներհամայնքային ավտոբուսային հետևյալ երթուղիները՝ 3, 20, 97, 99:

Լուրն, իհարկե, ուրախալի է, եթե նկատի չունենանք, որ ուղիղ 11ամիս առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը էլ ավելի մեծ ոգևորությամբ ներկայացնում էր թիվ 26 երթուղու խոստումնալից հեռանկարը։ Արդյունքում, սակայն, Լուկաշին թաղամասի բնակիչներն էլի զրկված են թաղամասը սպասարկող միակ երթուղուց օգտվելու հնարավորությունից, կամ պիտի սպասեն առնվազն 45 րոպե։ Վարորդների հավաստմամբ՝ 12 ավտոբուսներից միայն 5-ն են երթուղի դուրս գալիս։ Մնացած մեքենաները, էլի վարորդների հավաստմամբ, «փչացած կանգնած են»։ Իսկ թե ինչու են, իրենց իսկ ձևակերպմամբ՝ «թազա ավտոները փչացած-կանգնած», հարցին պատասխանը միանշանակ է. «զապչաստ չկա»։ Բայց պարզվում է՝ միայն «զապչաստով» հարցը չի լուծվում, բարկացած վարորդներն հակադարձում են՝ «առանց աշխատավարձի դուք կաշխատեի՞ք»։ Եվ տրամաբանական հաջորդականությամբ, թերևս, այսօր նոր ավտոբուսների՝ երթուղի դուրս գալուն զուգակցեց մանուշակագույն ավտոբուսների վարորդների բողոքի ակցիան՝ աշխատավարձը բարձրացնելու պահանջով։ Ներքաղաքային հանրային տրանսպորտային խնդիրների այսպիսի կուտակումների համապատկերում մե՞ծ ռիսկ է՝ ակնկալել, որ երթուղի դուրս եկող նոր ավտոբուսներն էլ 11ամսում հնոտի համարվելու բախտին չեն արժանանա։ Թե՞ աչքի առաջ ունենալով թիվ 26-ի դառը ճակատագիրը, Քաղաքապետարանը կհոգա «զապչաստի» ու վարորդների աշխատավարձի հարցերը և… եթե ոչ այդ համապատկերում, ապա գոնե քաղաքացիների ու լրատվամիջոցների այդքան ահազանգերին արձագանքելով՝ վերջապես կվերանայի թիվ 26 երթուղու գործունեությունը։

 Հայկանուշ Գրիգորյան