Ենթադրյալ չարամատություն դատավորների նկատմամբ. դատավոր Արման Հովհաննիսյանը չի վախենում.ArmLur.am

ArmLur.am-ը գրել էր, որ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին։ Օրենսդրական նախաձեռնությունների հեղինակը, հիշեցնենք, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ու փոխնախագահ Վլադիմիր Վարդանյանն ու Վահագն Հովակիմյանն են։ Օրենքների լրամշակված տարբերակով նախատեսվում է, որ, օրինակ, քրեական դատավարության օրենսգրքում տեղ կգտնեն այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ դատական սանկցիայի նոր տեսակի՝ «իրավունքի իրականացման սահմանափակման» սահմանումը։ Նախատեսվում է նաև սահմանափակել պաշտպանից հրաժարվելու, միջնորդության, բացարկի, ապացույցների ներկայացման, բացման ու եզրափակիչ ելույթով կամ հայտարարությամբ հանդես գալու իրավունքները։ Նշված դրույթները, ըստ առաջարկվող փոփոխությունների, դատարանի կողմից կարող են սահմանափակվել դրանցից ոչ բարեխիղճ օգտվելու դեպքում։ Փաստորեն՝ օրենքի լրամշակված տարրբերակը ենթադրում է, որ այն կարող է հակասության մեջ մտնել Սահմանադրության 61-րդ հոդվածի հետ, որ սահմանում է դատական պաշտպանության իրավունքը։ Կարող են սահմանափակվել նաև անձի իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով փաստաբանների կողմից կիրառվող տարբեր մարտավարությունները։ Ինչ վերաբերում է Դատական օրենսգրքում տեղ գտած փոփոխություններին, ապա դրանցով նախատեսվում է, որ ԲԴԽ դատավոր անդամներին բաշխվող գործերը ներկայիս 75 %-ի փոխարեն նվազեցվելու են 95 %-ով։ ԲԴԽ-ն նոր լիազորություններ է ստանալու, օրինակ, քննարկելու է դատարանների բնականոն գործունեության հետ կապված հարցեր ու լիազորությունների շրջանակում լուծելու դրանք կամ էլ դրանց լուծման նպատակով դիմելու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին։ Ստացվում է՝ օրենքի լրամշակված տարբերակով Բարձրագույն դատական խորհրդին չափազանց լայն լիազորություններ են տրվելու։ Սպասվող փոփոխությունների շուրջ զրուցեցինք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի հետ:

-Պարո՛ն Հովհաննիսյան, սպասվող փոփոխությունները ի՞նչ կտան դատական համակարգին:

-Որքանով հասկացա նախ ցանկանում են թեթեւացնել դատավոր անդամների ծանրաբեռնվածությունը որպես դատավոր, ինչպես նաեւ ԲԴԽ-ին նոր լիազորություններով օժտել՝ բնականոն գործունեություն ապահովվելու համար: Չգիտեմ ծանրաբեռնվածության անհրաժեշտությունը ինչով է պայմանավորված եւ ինչ ծավալի աշխատանք պետք է անեն այդ ուղղությամբ, իսկ ահա ԲԴԽ -ի նոր լիազորությունների մասով կարող եմ ասել մեկ բան: Ցանկացած ինստիտուտի, երբ նոր լիազորություն ես տալիս, դա բավականին լուրջ քայլ է եւ խորքային պետք է ուսումնասիրես հասկանալու համար դրական կամ բացասական կողմերը: Եթե ԲԴԽ-ին այնպիսի լիազորություններ պետք է տան, որ այն ապահովվի դատավորների պաշտպանությունը, դատական համակարգի իրական խնդիրներին միտված կլինի, ապա դա ողջունելի կլինի: Ցավոք այս մեկ տարվա ընթացքում ինչ փոփոխություններ այդ ուղղությամբ կատարվում են, միանգամայն հակառակ պատկերն է ցույց տալիս: Ոչ թե միտված են փոփոխությունները ի նպաստ դատավորների պաշտպանության, այլ կոնկրետ փորձում են միջմտել դատավորի աշխատանքին, ինչն ինձ համար մտահոգիչ է: Շատ լավ կլիներ, որ ԲԴխ-ն ունենար լիազորություն, որ ապօրինի, անհեթեթ կարգապահական վարույթի միջնորդություններ, որ ներկայացվում են ԲԴԽ, դա քննարկման առարկա չդառնար, այլ ոչ թե նիստ նշանակեն, դատավորին բերեն ԲԴԽ եւ դատավորը կանգնի հիմնավորումներ բերի, որ ճիշտ է ու շատ դեպքերում այդ նիստերը զավեշտի են նմանվում: Ես ինքս ներկա եմ եղել ԲԴԽ նիստերին իմ գործընկերների նկատմամբ կարգապահական վարույթների մասով եւ մոտ 40 րոպե չեմ հասկացել, թե ինչի մասին է, այս դատավորն ինչ է արել, ինչ խախտում է արել: Օրինակ դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվում, որ նա ծանուցագիրը մեկ այլ հասցեի փոխարեն, մեկ այլ հասցեով է ուղարկել եւ դա այն դեպքում, որ հայցվորն է այդ հասցեն ներկայացրել կամ դատավորին կարգապահական պատասխանավության են ենթարկում քննարկվում է հայոց լեզվի քերականական կանոնների ենթադրյալ խախտման համար, այսինքն ավելի շատ բառախաղի է նմանվում, որ մեկ բառը նախադասությունից կտրված չի դիտարկել այն դեպքում, երբ դա իմ կարծիքով որեւէ հետեւանք չի առաջացրել: Կամ պատասխանատվության են ենթարկում, որ նա դատական ակտը խորն է պատճառաբանել: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ավելի լավ է քիչ պատճառաբանես անձը զրկվի ազատությունից, քան շատ պատճառաբանես եւ անձը չզրկվի ազատությունից, ինչն ինձ համար ընդունելի չէ:
Եվ ի վերջո դատավորին պատասպանատվության են ուզում ենթարկեն, որ նա 2 ամսով արձակուրդ է գնացել եւ գործերը հանձնել է :Բա ինչ աներ , թողներ հետո գար ու ողջամիտ ժամկետ խախտվեր:

-Իսկ կարգապահական վարույթները վախեցնո՞ւմ են դատավորներին: Ձեր նկատմամբ եւս հարուցվել էր:

-Երբ տեսնում ենք, թե որ դատավորների նկատմամբ են հարուցվում վարույթները, այդտեղ զուգադիպություն չի կարող լինել, ես ինքս արդեն ենթադրյալ չարամտություն եմ տեսնում: Հարուցում են ռիսկով, հեղինակություն վայելող դատավորների նկատմամբ:

-Ձեզ վարույթներով կարո՞ղ են վախեցնել:

-Իմ մասով եւ իմ գործընկերների մասով կարող եմ ասել չեն վախեցնում, բայց հոգեբանական առումով տհաճ է, դրանք դատավորին բուն գործից շեղում է եւ նա ընկնում է այլ գործընթացների մեջ: Մեկ շատ կարևոր բան նշեմ, վերջին մեկ տարում չեն տեսել, նույն գործադիր մարմնի կողմից, որ խոսեն դատական համակարգի բուն խնդիրների մասին, գույքային պայմաններ դատավորների ծանրաբեռնվածություն, անընդհատ խոսում են դատավորներին պատժեն եւ կհասնեն իրական արդյունքի: Եվրոպական երկրներից են խոսում, գնացեք եվրոպական երկրների փորձն ուսումնասիրեք, տեսեք այնտեղ երբ է հարուցվում, մեկ երկու կոնկրետ դեպք կա, որ հարուցվում է եւ նշեմ, որ գործադիր մարմնի միջամտություն էլ չկա, ոչ թե այստեղի պես: