Հավերժորեն ներկա

«Բոլոր ժամանակներում պառակտումն է եղել Հայաստանի մեծագույն թշնամին։ Միասնական լինելու դեպքում կարող ենք միայն աշխարհին և ինքներս մեզ ապացուցել հակառակը։ Հա՛յ ազգ, լինենք միասնական այս դժվարագույն պահերին։ Ես պատրաստ եմ»…

Տողերի հեղինակը Սուրեն Եսայանն է, լուսավոր մի պատանի, որ նահատակվեց 44-օրյա պատերազմում իր զինակից ընկերների հետ… բայց մինչ այդ պիտի մարգարեանար. «մարդ կա՝ ապրում է մեռնելու համար, մարդ կա՝ մեռնում է՝ հավերժ անմահանալու համար…»: Եսայանների ընտանիքում երեք քույրերի եղբայրը, սպասված ու սիրված որդին հրաշալի դաստիրակություն ստացավ՝ խիստ ու հայեցի: Սարգիսը, որ շրջապատի կողմից հարգված անձնավորություն էր, մինուճար որդու մասին խոսելիս միշտ ասում էր՝ «տղա է, պետք է տղամարդուն վայել պահվածք ունենա»: Եվ այդպես էլ եղավ. 2020 թվականի հուլիսի 23-ին Սուրենը զորակոչվեց բանակ։ Իսկ հոկտեմբերի 10-ին, հրամանատարի դավաճանության ու փախուստից հետո, Հադրութի Վանք գյուղի անտառներում նա իր տասնյակ ծառայակից ընկերների հետ հայտնվել էր շրջափակման մեջ ու զոհվել անհավասար մարտում։ Հինգ լեզվի տիրապետող խելացի երիտասարդը, որ բոլոր հնարավորություններն ուներ արտասահմանում ուսումը շարունակելու և ապրելու համար, չօգտվեց իրեն ընձեռված հնարավորությունից, գերադասեց մնալ հայրենիքում ու նրա զոհասեղանին դնել ամենաթանկը՝ իր երիտասարդ կյանքը՝ հավատարիմ մնալով իր հավատամքին՝ Հայրենիք ու ընտանիք…

Իսկ այս տարի Սուրեն Եսայանը պետք է տոներ իր 20-ամյա հոբելյանը… Ավաղ, արդեն երկրոդ անգամ հարազատներն ու մտերիմները նրա ծննդյան տոնը նշում են Սուրենի՝ միայն ոգեղեն ներկայությամբ: «Վերելք» խորագիրը կրող հուշ֊-ցերեկույթը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մեկտեղել էր Սուրենի ընտանիքի անդամներին, բարեկամներին ու հարազատներին, ընկերներին ու մերձավորներին, ծանոթ-անծանոթների՝ բոլոր նրանց, ում համար թանկ էր Սուրենը, ում գոնե մեկ անգամ բախտ էր վիճակվել հանդիպել խելացի, վայելչագեղ, պարթևահասակ, տաղանդավոր ու բազմաշնորհ պատանուն, շփվել նրա հետ…

Նրան ճանաչողները մի կարևոր առանձնահատկություն են ընդգծում Սուրենի էությունից՝ կան մարդիկ, որ ապրում են տասնյակ տարիներ, սակայն չեն հասցնում անել այն, ինչ Սուրենն արեց իրեն տրված կարճ ժամանակահատվածում: Իսկ նա իր 18 գարունների մեջ հասցրել էր ոչ միայն իր հրաշալի դաստիարակությամբ ու առաջադիմությամբ փայլել «Տաթև» դպրոցում, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում ու Ֆրանսիական համալսարանում, որի կառավարման ֆակուլտետի ուսանողն էր, այլև, իրենով հպարտանալու բազում առիթներ տվել թե որպես բազմաշնորհ ու տաղանդաշատ երիտասարդ և թե որպես մարդ:

Զինակից ընկերները նրա սխրագործությունների մասին պատմելիս նշում են, որ դժվար ու անելանելի պահերին Սուրենն է ուժ տվել, առաջնորդել իրենց: Նրա կյանքի նույնիսկ վաղ մանկության դրվագները խորին խորհուրդ են ամփոփում նրա ապրած յուրաքանչյուր օրվա, յուրաքանչյուր պահի համար… Եվ պատահական չէ, որ նրան նվիրված միջոցառումը մեկնարկեց Տեր Շահեն քահանա Հայրապետյանի օրհնանքի խոսքով ու շարունակվեց Կարոտ երգով՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի՝ Մրոյի կատարմամբ. ի վերուստ էր կանխորոշված թերևս, որ մայրը Սուրենի համար օրորոցային ընտրեր հենց այդ երգը, քանի որ փոքրիկ Սուրենչիկը քնում էր հենց Կարոտ երգի հնչյունների ներքո…

…Իսկ հուշ-ցերեկույթն էջ առ էջ բացում էր լեգենդ դարձած պատմության հաջորդ էջերը: «Տաթև» դպոցի տնօրեն տիկին Պետրոսյանի բնութագրմամբ՝ Սուրենը կարգապահ,աշխատասեր, պարտաճանաչ, ընկերասեր երեխա էր: Եվ նրա մասին այդքան դրական հուշեր պատմելու առիթը սոսկ օրվա խորհուրդը չէր:

-Հերոսածին մայր, սիրելի տիկին Նարինե, երախտապարտ ենք նման որդի լույս աշխարհ բերելու և նման հերոսական նկրտումներով նրան դաստիարակելու համար: Փառք ու պատիվ բոլոր մեր հերոսներին.-ասաց տնօրենը՝ դիմելով հերոսի մորը:

Եսայան ընտանիքի բարեկամ, բանաստեղծ, գրող Լյովա Պապիկյանն էլ անթաքույց հուզմունքով դիմեց հենց հերոսին.

Տարեդարձդ շնորհավոր, սիրելի Սուրեն: Ժամանակահատվածը, որ ճանաչում եմ քեզ, գրեթե 10 տարի է, բայց քո մասին տպավորություններն անխամրելի են: Դեռ երեխա էիր, բայց այնպիսի խորիմաստ հարցեր էիր տալիս, որ պատասխանելու համար պետք է երկար խորհեի: Սիրելի Սուրեն, դու և քո անմահացած ընկերները մեզ տվել եք ապրելու հրաման, իսկ հրաման տալիս են գեներալները: Ապրել այնպես, ինչպես անմահացած հերոսները, տրված չէ բոլորին, այլ միայն հոգով ուժեղներին: Փառք քեզ ու մեր բոլոր նահատակված հայորդիներին….

Տեսաուղերձով միջոցառմանը միացավ Հնդկաստանի Կալկաթա քաղաքի Հայոց մարդասիրական ճեմարանի հայոց լեզվի ուսուցչուհի տիկին Գրետան: Նրա խոսքերում ամփոփված ցավն ու ափսոսանքը, Սուրենի պայծառ կերպարը նորովի բացահայտող բնութագրումները,երախտիքը Սուրենի ծնողներին հեռավոր Հնդկաստանից հուզեցին ներկաներին:

Սուրենի մասին ջերմությամբ ու ցավով արտահայտվեց նաև Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը: Նա կարևորեց իրենց ուսանողի հերոսական օրինակով սերունդներ կրթելու հանգամանքը։

Իսկ Արցախի նախագահի ու Պաշտպանության Բանակի կողմից Մարտական պատրաստվածության համար մեդալը Սուրեն Եսայանի ծնողներին հանձնեց գնդապետ Դավիթ Գևորգյանը՝ շնորհակալություն հայտնելով հայրենասեր, խիզախ, ու ազնիվ որդի դաստիարակելու համար: Եվ որքան էլ ծանր է ծնորղների՝ Սարգիս և Նարինե Եսայանների, քույրերի՝Տաթևի, Սոնայի ու Մարիամի համար այդ պարգևը, բայց նաև՝ ապրելու հրամայական …

Միջոցառմանը հայրենասիրական երգերի կատարմամբ հանդես եկան հայկական երգարվեստի ներկայացուցիչները: Սուրենին նվիրված երգի պրեմիերայով հանդես եկավ նաև երգիչ Հովհաննես Բաբախանյանը, ով Սուրենի քրոջ՝ Սոնայի ամուսինն է և հարազատին կորցրածի ցավը նրա երգում միախառնվում է անմեկին հպարտության հետ.

Քո կապույտ աչքերը հիմա լուռ են, անհամար աղոթքներս ու՞ր են…

…Քեզ տարավ երկինքը որ արև դառնա, որ միշտ շողաս հողիդ համար…

Մելանյա Ծառուկյյան