ՔՊ-ն որոշել է նախագահի ընտրության օրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովը ՀՀ նախագահ կընտրի մարտի 1-ից գումարվող հերթական նստաշրջանում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մոտ կանգնած աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունը նպատակադրվել է ընտրությունն անցկացնել մարտի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, չի բացառվում՝ հենց մարտի 3-ին:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ փետրվարի 9-ին գրել էր, որ իշխանությունը չունի նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանին առաջին փուլով անցկացնելու համար բավարար ձայներ եւ դիմել է ընդդիմության օգնությունը, սակայն նրանց մտադրությունը չի հաջողություն չի ունեցել, եւ, ըստ էության, արդեն հասկացել են, որ նախագահն առաջին փուլով չի ընտրվի: ՀՀ Սահմանադրության համաձայն՝ անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը կամ 81 կողմ ձայն, իսկ մեծամասնությունն ընդամենը 71 մանդատ ունի: Առանց ընդդիմության 10 ձայնի, նախագահի թեկնածուն չի ընտրվի:

Օրենսդիրը նախատեսել է, որ արդեն երկրորդ փուլում նախագահը ընտրվում է երեք հինգերորդով՝ այս դեպքում 64 ձայներով, եւ ՔՊ-ական պատգամավորների ձայները բավարարում են:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախատեսված է ՀՀ նախագահի երդմնակալության արարողությունն անցկացնել մարտի 14-15-ին, իսկ դա էլ ենթադրում է, որ արագ պետք է կազմակերպեն ընտրության երկրորդ փորձը, այսինքն՝ ՀՀ նախագահի ձախողված ընտրության փորձից անմիջապես հետո կլինի 2-րդ փուլը, եւ նախատեսված է նախագահի ընտրությունն ավարտել մարտի 3-5-ն ընկած ժամանակահատվածում:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա թողարկման մեջ