Ոստիկանների գործողություններն անհամարժեք են ադրբեջանցի պատգամավորների ներկայության դեմ բողոքողների նկատմամբ. Թագուհի Թովմասյան

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրեւմ է. «Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ հավաքված ակտիվիստների նկատմամբ քիչ առաջ կիրառված ոստիկանական ուժը խիստ անհամաչափ էր իրավիճակին:

Ադրբեջանցի պատգամավորների ներկայության մասով հայ հասարակության ցասումը 44 օրյա դաժան, հանցանքներով ուղեկցվող պատերազմից հետո խիստ բնական է: Ի՞նչ իմաստ կար ՀՀ քաղաքացիների մասին հավաքի ժամանակ ուղիղ եթերով խոսել «սրան, դրան» ձևակերպումներով:

Ադրբեջանցիների անվտանգության ապահովումը գուցե նաև ձեր աշխատանքն է, բայց անթուլատրելի է դա անել ՀՀ քաղաքացիներին նսեմացնելու գնով:

ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանի ուշադրությունն եմ հրավիրում ոստիկանների ագրեսիվ պահվածքի վրա՝ ակնկալելով կոշտ գնահատական քաղաքացիների նկատմամբ ցուցաբերված անհամարժեք գործողությունների և խոսույթի մասով»: