Հայտնաբերվել են սպանված տափաստանային արտույտներ. որսագողության դեպքեր Արմավիրի մարզում

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները մարտի 4-ին, ուժեղացված ծառայության շրջանակներում համատեղ իրականացրած միջոցառման ժամանակ, Արմավիր-Հացիկ ճանապարհին զննության են ենթարկել «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան և տափաստանային 5 արտույտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ուժեղացված ծառայության շրջանակներում Արմավիր-Հացիկ ճանապարհին, զենք-զինամթերք պահելու կասկածանքով, զննության է ենթարկվել նաև «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող երկու հրացան, իսկ բեռնախցիկի զննությամբ հայտնաբերվել է տափաստանային 50 արտույտ:

Պարզվել է, որ արտույտները որսացել էին Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի վարչական տարածքում: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: