Ավագանու նիստում վիրավորել և սպառնացել են ՀԿ նախագահին

Այսօր տեղի է ունեցել Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու հերթական նիստը,իսկ մինչև նիստի մեկնարկը, միջադեպ է տեղի ունեցել ավագանու անդամների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացանք, նախօրեին ավագանու հերթական նիստին մասնակցելու հայտ է ներկայացրել <<Արտաշատ>> բարեգործական հիմնադրամի նախագահ Արուս Հովհաննիսյանը, սակայն, երբ ներս է մտել նիստերի դահլիճ, մի քանի հոգի սկսել են նրա հասցեին ավելորդ ռեպլիկներ բաց թողնել: Նրա հանդեպ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հատկապես  համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Հակոբջանյանը: Նա Արուս Հովհաննիսյանին առաջարկել է չխանգարել ու հեռանալ նիստերի դահլիճից: Երբ վերջինս առարկել է, ասելով, որ ինքը ավագանու անդամներին պետք է ծանոթացնի Ազատավան համայնքի ղեկավարի ժ/պ Պետիկ Ղազարյանի անօրինական գործունեությանը, Հակոբջանյանը կնոջը <<մուտիլովչիկ>> է անվանել: Նա հոխորտացել է և դիմել Արուս Հովհաննիսյանին,ասելով՝ դու ինձ չե՞ս ճանաչում:

Ի դեպ, զովաշենցի Հակոբջանյանին մարզում ճանաչում են, որպես ՀՀԿ-ի նախկին տասովչիկ, որը մոռանալով անցյալը, ներկայում ջերմեռանդորեն պաշտպանում է Քաղաքացիական Պայմանագրի շահերը:

Նշենք,որ Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը,տեղեկանալով կատարվածի մասին, ոչ մի քայլ չի ձեռնարկել կնոջը վիրավորած իր տեղակալին կարգի հրավիրելու համար: Արտառոցն այն է, որ Մկրտչյանը ընդամենը մեկ օր առաջ կանանց տոնի առթիվ մեծարել էր համայնքի կանանց , ամպագոռգոռ խոսքեր ասել կանանց դերի մասին ու ծաղիկներ նվիրել նրանց, սակայն  թույլ է տվել ավագանու նիստին ներկայացած կին հասարակական գործչին վիրավորել ու հեռացնել նիստերի դահլիճից:

Հ.Գ. Նկատենք, որ ավագանու այս նիստի առնչությամբ ՖԲ օգտատեր ՔաջիկԳևորգյանը իր անձնական էջում գրառում է կատարել. <<Հայաստանում խախտումներով չեմպիոն Արտաշատը այսօր ակտիվիստ ՀԿ ղեկավար Արուսյակին, ով հիմնականում զբաղվում է սոցիալապես անապահով ընտանիքների բարեգործությամբ ու անվճար բուժօգնությամբ, վիրավորել և արգելել են նրան ավագանու նիստին մասնակցել։ Ըստ նրա՝ արգելողը համայնքի ղեկավարի տեղակալն է եղել, ղեկավարի իմացությամբ։Այ քեզ բան, չգիտե՞ն, որ ցանկացած համայնքի մտահոգ մարդ իրավունք ունի մասնակցել նիստին։Գուցե ՏԻՄ օրենքը կարդան, կամ նախարարը ինստրուկտաժ անցկացնի։ Զարմանալի է,որ ընդիմադիր թևը ոչ մի ձայն չի հանել,կարծես կամ օրենք չգիտե կամ համաձայն է>>…գրել է օգտատերը

Blic.am