Արթուր Գրիգորյանի դուստրը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կառույցի հիմնադիր Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանում ասվում է.

«Մանե Գրիգորյանին 2022 թվականի մարտի 14-ից նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի երգի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրությունն ու նշանակումը»:

Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի պարտականությունները 2019 թվականից կատարում էր Արմեն Սարգսյանը: Նա սոցցանցի իր պաշտոնական էջում մարտի 14-ն գրել էր իր պաշտոնավարման դադարեցման մասին: