Էդուարդ Աղաջանյանի ասուլիսի ժամանակ նրան զանգահարողը Նիկոլ Փաշինյանն է եղել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանական շրջանակների կողմից վերջին օրերին հակառուսական տրամադրություններ են գեներացվում։ Փորձ է արվում Արցախում առաջացած թե՛ հումանիտար, թե՛ անվտանգային խնդիրները «ջարդել» ռուսական կողմի վրա՝ Արցախում Փառուխ գյուղի հանձնման, իրավիճակի սրման համար պատասխան պահանջելով Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներից։ Տպավորություն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել են ռուսներն ու ադրբեջանցիները, հայկական կողմը բացակայում է։

Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ չի բացառվում՝ ռուսների թիկունքում հայ-ադրբեջանական ստվերային պայմանավորվածություն է կայացել՝ Արեւմուտքի քավորությամբ, եւ հիմա երկու կողմից ուզում են խաղաղապահներին փուռը տալ, կասկածի տակ դնել անվտանգությունն ապահովելու նրանց առաքելությունն ու ցանկությունը։ Արդյունքում Փաշինյանը կստորագրի Ալիեւի պարտադրած խաղաղության պայմանագիրը, կամ Արցախը կդառնա Սիրիա։ Հատկապես, որ ժամանակները բարենպաստ չեն ռուսների համար, Ուկրաինայում հակամարտության պատճառով նրանք կորցրել են իրենց երբեմնի ազդեցությունը, եւ հայտնի չէ, թե կոնֆլիկտը երբ կհանգուցալուծվի։

Հատկանշական է, որ երեկ Փաշինյանի ցուցումով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հրատապ ասուլիս էր հրավիրել խորհրդարանում։ Ասուլիսը նա սկսեց ռուսներին «կատոկելով»՝ կատարվածի ողջ պատասխանատվությունը դնելով ռուսական կողմի վրա, բայց, հավանաբար, չափն անցել էր, ուստի կեսից նրա հեռախոսին զանգ հնչեց, նա ընդհատեց ասուլիսն ու պատասխանեց, ապա վերադառնալով՝ մեղմացրեց դիրքորոշումը։ Զանգահարողը, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն է եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում