Հայի արյուն չի հոսում երակներումս, բայց Հայաստանին կապված եմ հոգով ու սրտով. Գարուն Երևանում կհնչեցնի սիրված ու նոր գործեր

Հանրաճանաչ երգիչ, երաժիշտ և դերասան Գարուն, որին ամբողջ աշխարհում լայն ճանաչում բերեց Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» ստեղծագործության համանուն մյուզիքլում Քվազիմոդոյի դերը, և որին շատերը հայ են համարում՝ կարծելով, որ ազգանունը Գարանյան է, Երևանում հանդես կգա երկու մենահամերգով: Համերգներին, որոնք տեղի կունենան ապրիլի 21, 22-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կհնչեն երգչի սիրված ու հայտնի ստեղծագործությունների նոր մշակումներ, նոր երգեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողներն ապրիլի 19-ին հնարավորություն են ունեցել հանդիպելու Գարուի հետ, զրուցելու կայանալիք համերգի, երգչի՝ Հայաստանից ստացած տպավորությունների և այլ հարցերի մասին:

Գարուն առաջին անգամ Հայաստանում ելույթ է ունեցել 2009 թվականին: Ասում է՝ ուրախ է վերադառնալ այստեղ, քանի որ Հայաստանը գեղեցիկ երկիր է, իսկ մարդիկ՝ ջերմ ու հյուրընկալ:

Անդրադառնալով համացանցում տարածված տեղեկություններին, թե ինքը հայ է՝ երգիչը նշում է՝ իր իսկական անունը Պիեռ է, ազգանունը՝ Գարան, ավաղ, ոչ Գարանյան: «Կանադայից եմ, բայց ինձ աշխարհի քաղաքացի եմ համարում, իսկ Հայաստանի հետ կապված եմ հոգով, սրտով, բայց՝ ոչ արմատներով: Երկար ժամանակով եմ Երևանում և հնարավորություն կունենամ ծանոթանալու, հաղորդակցվելու տարբեր մարդկանց հետ: Մարդկային շփումը շատ եմ կարևորում, գուցե ծանոթանամ հայ երաժիշտների հետ: Չի բացառվում, որ նման դեպքում համագործակցություններ լինեն»,-շեշտում է Գարուն ու հավելում՝ համերգներին կատարելու է ոչ միայն իր, այլև Միշել Լեգրանի, Շառլ Ազնավուրի և այլ մեծերի ստեղծագործություններ:

Խոսելով «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում Քվազիմոդոյի կերպարը կերտելու մասին՝ Գարուն տեղեկացնում է, մինչ այդ դերը ջազ, բլյուզ և ռոք խմբերում է նվագել, երգել, հնչեցրել է տարբեր ժանրի երաժշտություն և միշտ ուրախ ու ժպիտով: «Երբ ինձ առաջարկեցին Քվազիմոդոյի կերպարը, որը տխուր է, վիրավոր, ուշադրության կարիք ունի, հասկացա, որ նա շատ է տարբերվում ինձնից, իմ հակառակ կողմն է: Դա տարօրինակ էր, բայց ես ևս իմ մեջ որոշ տխրություն գտա, սիրվելու կարիք, քանի որ բոլոր արտիստներն են ուզում սիրված լինել, և այդ կերպարն իսկապես փոխեց ինձ: Երբեք չեմ ցանկացել հայտնի աստղ լինել, դա իմ ծրագրերում չի եղել, բայց դա տեղի ունեցավ: Կերպարիցս խուսափում էին, իսկ, երբ ես փողոց էի դուրս գալիս, մարդիկ ցանկանում էին հաղորդակցվել ինձ հետ: Շատ պարադոքսալ էր»,-խոստովանում է արտիստը:

Գարուն անտարբեր չէ աշխարհաքաղաքական զարգացումների հանդեպ, սակայն կարծում է, որ արվեստագետը պետք է զերծ մնա քաղաքականությամբ զբաղվելուց: «Արտիստները մարդկանց վրա ազդելու, մարդկանց լայն շրջանակի հետ հաղորդակցվելու հնարավորություններ շատ ունեն, սակայն շատերն իրենց ազդեցությունն օգտագործում են ու խոսում՝ առանց հստակ գիտակցելու, թե ինչի մասին: Իմ հիմնական խնդիրը երաժշտությամբ մարդկանց սրտերին հասնելը, նրանց տխրության դեմ պայքարելն ու երջանկացնելն է»,-ընդգծում է երգիչն ու նշում, որ իրեն շատ է դուր գալիս հայոց լեզուն, որը գեղեցիկ է, հոսուն ու երգեցիկ: Նրա խոսքով՝ ֆրանսերենը պոետիկ, ռոմանտիկ լեզու է, բայց որոշ շրջանակի պնդմամբ՝ ոչ երգեցիկ, իսկ հայերենը՝ հակառակը:

Գարուհի համերգները կազմակերպվում են Ֆրանկոֆոնիային Հայաստանի լիիրավ անդամակցության 10-ամյակի կապակցությամբ:

Երգեր գրելուց, կատարելուց զատ Գարուն նաև ֆիլմերում է նկարահանվում: Նա նկարահանվել է ֆրանսահայ ռեժիսոր Էրիկ Կիվանյանի «Սիրո վերադարձ» ֆիլմի գլխավոր դերում: Մի առիթով նշել է, որ սիրով է համագործակցում հայ ռեժիսորների հետ: