Խոսք երախտիքի. երբ բժշկի աշխատանքը ամենօրյա պայքար է մարդու առողջության պահպանման գործում

Երբ մասնագիտական որակներն ու մարդկային վեհ արժանիքները ներդաշնակվում են բժշկի մեջ, և կյանքիդ օրհասական պահին հանդիպում ես հենց այդ բժշկին, ուրեմն բախտավոր մարդ ես, ուրեմն՝ կյանքդ ու առողջությունդ հուսալի ձեռքերում են:

Այո, բժշկի մասնագիտությունն է բոլոր մասնագիտություններից ամենահամամարդկայինը, ամենամարդասիրականը, ամենապատասխանատուն։ Եվ երախտագիտությամբ պիտի հավաստեմ, որ ես հանդիպեցի այդ արժեքները կրող բժշկի։ Հարգելի խմբագրություն, ուզում եմ ձեր լրատվամիջոցով երախտիքս հայտնել <<Աստղիկ>> բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ Արմեն Բաբայանին ոչ միայն մասնագիտական պրոֆեսիոնալիզմի , այլև հիվանդների հանդեպ ցուցաբերած մարդկային ու հոգատար վերաբերմունքի համար, որ դրսևորում է յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ։ Նրբանկատ, տեսակով՝ համեստ ու պատրաստակամ երիտասարդ բժիշկն առաջին իսկ հանդիպումից հիվանդներին դրական տրամադրվածությամբ է համակում, մի տեսակ վստահություն ներշնչում, որ ցանկացած, անգամ ամենաբարդ վիրահատությունը հաջող ավարտ է ունենալու:

Արմեն Բաբայանի մասին հիվանդները խոսում են սիրով ու երախտագիտությամբ, իսկ նա չի դադարում զարմացնել իր մասնագիտական պատրաստվածությամբ։ Ես էլ, որպես նրանցից մեկը, պետք է ասեմ, որ իմ բարդ վիրահատության ժամանակ բժիշկն իր աշխատաոճով մեկ անգամ ևս փաստեց. առողջապահական համակարգում կան կոչումով բժիշկներ, ում համար մարդու առողջությունը վեր է ամեն ինչից: Նա հնարավոր ամեն ինչ և նույնիսկ անհնարինն է անում բուժառուների առողջությունը վերականգնելու համար… և չի պատմում իր գործերի մասին։ Քչերը գիտեն, որ նա 44-օրյա պատերազմի մասնակից է, քանի որ երբևէ չի խոսում պատերազմի օրերի իր գործունեության մասին։ Սակայն նրա աշխատանքն ամենօրյա պայքար է. նրա յուրաքանչյուր վիրահատություն ամենաիսկական ճակատամարտ է մարդու առողջության պահպանման համար պայքարում։ Ու թեև դժվար է բառերով արտահայտել երախտիքիս չափը, այնուամենայնիվ իմ ու չորս բալիկներիս անունից ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել «Աստղիկ» ԲԿ անոթային վիրաբույժ Արմեն Բաբայանին՝ մասնագիտական արհեստավարժության, մարդկային տեսակի ու բժշկի կոչումը բարձր պահելու համար:

Եվս մեկ անգամ շնորհակալություն այն նվիրումի համար, որով վերաբերվում եք Ձեր աշխատանքին և մարդուն առհասարակ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բուժհաստատության անեսթեզիոլոգ Տիգրան Դավոյանին, անոթային վիրաբուժության կլինիկական օրդինատորներ Հակոբ Շահվերդյանին և Սեդա Վարդանյանին:

Առանձանահատուկ շնորհակալություն ՝ «Աստղիկ» ԲԿ գլխավոր տնօրեն Ասատուր Ասատուրյանին՝ բժշկական կենտրոնում հիվանդների սպասարկումը պատշաճորեն կազմակերպելու և բուժառուների առողջության պահպանումն ի սկզբանե կարևորելու համար:

Լիլիթ Ավետիսյան