Իրավապահներին մայիսի 1-ին աշխատանքի էին կանչել ու մինչև երեկո պահել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգի աշխատակիցներին կիրակի օրը «բերման են ենթարկել»:

Պարզվում է՝ ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաեւ քննչական մարմինների բոլոր ստորաբաժանումների աշխատակիցներին կիրակի օրը՝ մայիսի 1-ին, իրենց վերադասները կանչել են աշխատանքի: Իրավապահները գնացել են աշխատանքի վայր եւ մինչեւ ուշ երեկո՝ ժամը 21 00-ն, մնացել են իրենց աշխատավայրերում, սակայն որեւէ աշխատանք չեն իրականացրել. կայքերով հետեւել են ընդդիմության հանրահավաքին: Տուն գնալու թույլտվություն նրանց տրվել է միայն 21:00-ից հետո:

Մեզ ահազանգած աշխատակիցների պատմելով՝ ղեկավար կազմն այս քայլին գնացել է, որպեսզի համակարգի աշխատակիցները հանկարծ հանրահավաքի չգնան թեկուզ օպերատիվ նպատակների անվան տակ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պետական շատ աշխատողներ պնդեցին, որ եթե այս գործելաոճը շարունակական լինի, դիմելու են աշխատանքի տեսչական մարմին կամ աշխատանքից ազատման զանգվածային դիմումներ են գրելու:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում