Պոեզիայի ժամ

ԵՐԱՆԻ..
/Տեսնես ուրիշ ո՞ր լեզվում այս բառը կա/
Երանի, հազա՜ր երանի
Ես նորից մանուկ լինեի,
Մայրիկիս անուշ մրմունջի ներքո
Մուշ-մուշ քուն մտած՝
Լույս երազիս մեջ անմեղ շուրթերով
Մայրիկիս փրփուր կուրծքը փնտրեի…
Երանի նորից սերն իմ առաջին
Մի պատճառ գտներ մեր տունը գալու,
Իսկ ես՝ սիրո մեջ անփորձս, դարձյալ
Գլխի չընկնեի, որ սիրում է ինձ՝
Հուսահատորեն նստեի, լայի…
Երանի հրաշք, օ՜, հրաշք լիներ՝
Արցախում զոհված Տարոնս լիներ՝
Հարսնացուի հետ դիմացս կանգնած,
Բաց ճակատները լուռ համբուրեի
Եվ հայրական իմ օրհնանքը տայի…
Կեսգիշերային իմ մենության մեջ,
Այս չոր բարձի տեղ, հազա՜ր երանի,
Քո ծունկը լիներ,
Եվ մազերիս մեջ քո մաքրամաքուր,
Ազնիվ մատները
Սրտիդ զարկերը ինձ ընծա տային…
29.12.2003թ. Տամբով,
ՎԱՀԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ