Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտարարություն է տարածել

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ հաշվի առնելով վերջին շրջանում աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմության բարձրացում և այլ) Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն դիմող քաղաքացիների թվի աճը և խնջույքներից, դպրոցական էքսկուրսիաներից հետո գրանցվող աղիքային վարակների բռնկումները` Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը հորդորում է պահպանել զգոնությունը` պաշտպանվելու այս սեզոնին ակտիվացող աղիքային վարակիչ հիվանդություններից։

«Շոգ եղանակը նպաստավոր է ախտածին մանրէների արագ բազմացման համար, ուստի անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմում չպահպանվող մթերքները կարող են վարակի աղբյուր հանդիսանալ։

Կարևոր է բնության գրկում անցկացվող խնջույքները և էքսկուրսիաները կազմակերպել ճիշտ.
✔️շուտ փչացող մթերքը տեղափոխեք սառնարան֊պայուսակներով, իսկ դրա անհնարինության դեպքում` տեղ հասնելուն պես, մթերքը տեղափոխեք սառնարան կամ հնարավորինս սառը տեղ,
✔️սահմանափակեք խնջույքներին երշիկեղենի, կաթնամթերքի, ձվի, կրեմային հրուշակեղենի, մայոնեզով աղցանների օգտագործումը,
✔️խուսափեք ոչ լավ եփված միս ուտելուց,
✔️մանրակրկիտ լվացեք մրգերը, բանջարեղենները, պտուղները,
✔️բնության գրկում մթերքը պահեք փակ տարաներով կամ տոպրակներով, հեռու միջատներից և կենդանիներից,
✔️խուսափեք խնջույքի ընթացքում բազմազան ուտելիքներ օգտագործելուց,
✔️խմեք մաքուր ջուր` եռացրած կամ շշալցված։

Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում մի զբաղվեք ինքնաբուժությամբ և անհապաղ դիմեք բժշկի` խուսափելու հիվանդության բարդություններից։

Հիշե’ք, ամռանը աղիքային վարակիչ հիվանդություններից հատկապես տուժում են երեխաները, ուստի անվտանգ վարքագիծն ու հետևողականությունը կպաշտպանեն ձեզ և ձեր երեխաներին»,- ասված է հաղորդագրության մեջ