Երբ աշխատանքի բանաձևը մեկն է՝ ամեն ինչ անել փոքրիկների առողջությունը վերականգնելու համար

<<Մուրացան>> համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնակատար, իր գործի նվիրյալ բժշկուհի Հռիփսիմե Ապրեսյանին շատերն են ճանաչում։ Ճանաչում են ոչ միայն այն պատճառով, որ նա շարունակում է հիացնել իր պրոֆեսիոնալիզմով ու մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, այլև մարդկային տեսակով, մարդկանց օգտակար լինելու իր պատրաստակամությամբ։ Չնայած զբաղեցրած պաշտոնին և բազմազբաղությանը, նրան մշտապես կարելի է տեսնել իր փոքրիկ բուժառուների հետ, նրանց առողջական խնդիրներով մտահոգ: Անկախ օրվա ժամից նա մշտական ուշադրության կենտրոնում է պահում և՛ իր պատասխանատվությանը վստահված բուժհաստատությունը, և՛ փոքրիկ բուժառուներին

Շատերին այս բժշկական կենտրոն է ուղղորդում հենց Հռիփսիմե Վալերովնայի բարի համբավը, հավատը նրա հանդեպ:  Եվ այդ հավատը երախտիքի խոսքեր են դառնում բազմաթիվ հիվանդների ու նրանց ծնողների շուրթերին, քանի որ այդ հավատը փոխհատուցվում է իրենց երեխաների առողջությամբ։ Բժշկուհին ունի աշխատելու իր բանաձևը՝ կարեկցանք բոլոր հիվանդների հանդեպ, իսկ եթե կա հոգածություն, ապա մեծ է բուժման հավանականությունը, արդյունավետությունն էլ՝ հաստատուն:

Հարգելի խմբագրություն, ցանկանում եմ ձեր լրատվամիջոցով շնորհակալություն հայտնել սիրելի բժշկուհուն, լավագույն մասնագետին՝ Հռիփսիմե Ապրեսյանին այն նվիրումի ու տքնաջան աշխատանքի համար, որ նա ցուցաբերել և ցուցաբերում է ոչ միայն իմ, այլև բոլոր փոքրիկների հանդեպ: Շնորհակալություն բժիշկներ Վիոլետա Մանուկյանին և Լեռնիկ Մարտիրոսյանին իրենց աշխատանքին մեծ պատասխանատվությամբ վերաբերվելու և մարդկային տեսակի համար:

Շնորհակալություն մեծ ու համերաշխ կոլեկտիվի թիմային աշխատանքի, այդ աշխատանքը բարձր որակով կազմակերպելու համար:

Լիլիթ Ավետիսյան