Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր դրեց

Մանդատը վայր դրած «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի լիազորությունները կդադարեցվեն նրա հրաժարականի մասին Ազգային ժողովի նախագահի հայտարարությունից մեկ շաբաթ անց։

Խորհրդարանի պաշտոնական էջում արդեն հրապարակվել է ԱԺ խոսնակի հայտարարությունը Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին։

Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»։

«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում հաջորդ թեկնածուն ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է։ Կվերցնի՞ մանդատը, թե՝ ոչ, հայտնի չէ։ Գրիգորյանին ուղղված մեր զանգերն անպատասխան մնացին։

Հիշեցնենք նաեւ, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կազմված էր 7 պատգամավորից։  Սակայն, 2021 թվականի դեկտեմբերին 10–ին, Իշխան Զաքարյանը խմբակցությունից դուրս գալու որոշում կայացրեց։ Նա գործում է որպես անկախ պատգամավոր։