Բաբկեն Դանոյանի բանաստեղծությունները նրա զուսպ, ազնիվ, համեստ հոգու գաղտնարանների բանալիներն են

Բաբկեն Դանոյանն այն զարմանալի մարդկանցից էր, ովքեր արարում են լուռ, ովքեր չեն խոսում իրենց արածների մասին, ու մի օր էլ երբ հեռանում են, հասկանում ես, որ կյանքից մի շատ կարևոր բան պակասեց: Նրա բանաստեղծությունները խորապես ապրված հույզեր են՝ որպես նրա զուսպ, ազնիվ ու համեստ հոգու գաղտնարանների բանալիներ: Այդ ազնիվ ու համեստ տեսակը շարունակում է ծլարձակել դուստրերի՝ Շուշանի ու Հասմիկի, և որդու՝ Արմանի, թոռնիկների մեջ, ովքեր իրենց ստեղծագործ էությամբ ու գործունեությամբ էլ  Բաբկեն Դանոյան մարդու, ընկերոջ, մասնագետի ու ստեղծագործողի շարունակությունն են:

Բաբկեն Ներսեսի Դանոյանը ծնվել է 1949 թ. օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Կամոյի շրջանի Սարուխան գյուղում, Ներսես և Շուշան Դանոյանների ընտանիքում։ Մշտապես ժիր, աշխույժ ու աշխատասեր՝ ընտանիքի կրտսեր զավակը դպրոցական տարիներից աչքի էր ընկնում ոչ միայն որպես առաջադեմ աշակերտ, այլև՝ նվիրված ու լավ ընկեր։ Համադասարանցիների գրեթե բոլոր շարադրություններում ուսուցիչները ճանաչում էին նրա ձեռագիրն ու ինքնատիպ ոճը։

Բարձր ներքին կուլտուրայով և արտակարգ հիշողությամբ փայլում էր մայրը՝ Շուշանը: Հենց նրա դաստիարակությունն ու գեղեցիկի, ճշմարիտի, բնության ու մարդկայինի, ինչպես նաև գրքի ու գրականության հանդեպ սերն ու ակնածանքը փոխանցվեցին ու դարձան Բաբկենի կյանքի ուղեկիցները։ Շրջապատված քույրերի ու եղբայրների ջերմությամբ ու հոգատարությամբ՝ դպրոցահասակ պատանին իր նորաթուխ ստեղծագործությունները հանձնում է թղթին։ Ուսանողական տարիներին դրանք պետք է վերամշակվեին և դառնային հոգեթով բանաստեղծություններ՝ երիտասարդ բուռն հույզերի, ապրումների և բնությունը անհուն խորությամբ ընկալող, նրանով անվերջ հմայվող հոգու մասին։

1967թ.-ին Բաբկենը, բարձր առաջադիմությամբ ավարտելով դպրոցը, ընդունվում է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի (նախկինում՝ Պոլիտեխնիկական ինստիտուտի) էներգետիկական ֆակուլտետը, որն ավարտում է 1973թ-ին։

1974-1975թթ ծառայել է խորհրդային բանակում։ Հենց բանակային կյանքի, հայրենի բնօրրանի, ծնողների և ընկերների հանդեպ կարոտն են արտահայտում այս տարիներին գրված քառյակներն ու բանաստեղծությունները, որոնց մասին գրող, հրապարակախոս Գևորգ Էմինը գրել է. «Այս մատյանի հեղինակը, երևում է, որ կարողանում է իր հույզերը և մտքերը պատշաճ մակարդակով արտահայտել և հանձնել թղթին»։ Ավելի ուշ Հայկական ռադիոյի «Երիտասարդ գրողներ» հաղորդաշարով ընթերցվում են Բաբկեն Դանոյանի բանաստեղծությունները։ Այնուհետև Բաբկենը նվիրվում է իր մասնագիտական գործունեությանը՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ: Բայց բանաստեղծությունը նրա ներքին կոչումն էր, որին միշտ հավատարիմ մնաց:

Բնակվելով Երևանում, վայելելով արհեստավարժ ինժեներ-մասնագետի համբավ և ընկերների սերն ու հարգանքը՝ Բաբկենը անդավաճան սիրում էր հայրենի բնաշխարհն ու հարազատ վայրերը, Գռիձորն ու Աժդահակը… Շուշան մորն ու Ներսես հորը, քույրերին ու եղբայրներին, կնոջը՝ Վարդիթերին, զավակներին ու թոռներին, և այդ սերը դառնում էին բանաստեղծություններ, որոնք, ցավոք, հրապարակված տեսնել չհաջողվեց նրան: Բաբկեն Դանոյանի ծննդյան 73-ամյակի առիթով ներկայացնում ենք նրա բանաստեղծություններից ու քառյակներից մի քանիսը:

ԼՍԻ՛Ր, ԲԱՐԵԿԱ՛Մ

Լսի՛ր, բարեկա՛մ,

Կյանքում մտքովս եթե անցել է

Անունս գրել ինչ-որ մի քարի,

Իրավ գրել եմ, բայց ոչ

Ճամփեզրի փոշեպատ քարին,

Որ ամեն անցորդ անունս կարդա,

Այլ մեր սիգապանծ լեռներից մեկի

Խրոխտ գագաթի երկնաքեր ժայռին,

Որ թիկն տված երկնի կապույտին

Ամպեր է կիսում,

Աստղերի վսեմ խորհուրդը լսում,

Հեռվից նայողին թռիչքի պատրաստ

Արծիվ է թվում,

Որ ոչ թե որսին ճանկել է ուզում,

Այլ իր բարձունքից ճախրող հավքերի

Հանգիստն է հսկում։

Որ նա՛, միայն նա՛ անունս կարդա,

Ով ինձնից հետո լեռը բարձրանա։

Այս կարոտը

Կախարդի պես հեքիաթների

Կպել ինձնից,պոկ չի գալիս,

Լցրել ամբողջ էությունս,

Մի ոտնաչափ տեղ չի տալիս։

Չի էլ քնում. լուսնոտի պես

Մեկ էլ տեսար՝ կեսգիշերին

Ինչպես անգղ վրա տալիս,

Երազներս առնում,տանում,

Ծովի վրա շաղ է տալիս։

Ես ծերացա, բայց արի տես՝

Աներեսը

Քանի գնում,

Մանկանում է քո կարոտից…

Երկիր իմ

Աշնան ցորնաբույր քամու թևերով

Ողջ տիեզերքը ոտքի տակ տայի,

Ու ցորեն-հասկի ծով բարությունը

Երկի՜ր, քեզ վրա կաթ-կաթ շաղ տայի։

Աղավնու ճերմակ թևի սարսուռից

Քամեի կապույտ խաղաղությունը,

Հրավիրեի մարդկանց ըմպելու,

Որ անցներ քո խենթ գինովությունը։

Արևի հուր-հեր ճառագայթներից

Հաստեի լույսի լինելիությունը,

Որ երկներ կրկին լույս ու կապույտից

Քո բիբլիական հավերժությունը։

Պահն այդ, ավաղ, կանգ առներ

Ձորի մեջ ջրի խոխոջ,

Ժայռերի հրեղեն պար,

Ժայռի մեջ խոր մի խոռոչ,

Երկու դիվահար։

Ի՜նչ լավ էր վիհի եզրին

Թավալվել աղջամուղջին,

Քո փեշերի գույներով

Զարդարել ծեր մասրենին։

Ծվեն-ծվեն մերկանալ,

Պահ մտնել մերկությունից,

Քիչ անց նորից մոտենալ,

Գիժ դառնալ բարկությունից։

Պահն այդ, ավաղ,  կանգ առներ,

Ինքն իրեն կապեր, մնար,

Ժայռի պես ծանր-ծանր

Թիկն տար, պահվեր, մնար։

ԳՌԻՁՈՐ

Քարերի քարեղեն լռություն,

Մամռահյուս քարերի հառաչ,

Ժայռերի ժայռեղեն մաքրություն,

Ժայռերի ծփանք ու շառաչ։

Ջրերի կարկաչ, ջրաշիթ,

Ջրվեժի անկում ու խայտանք,

Ծաղիկներ բազմագույն, հրաշուրթ,

Խոտերի սոսափյուն, տարփանք։

Կածաններ մարմրող, ոլորուն,

Վիհերի անկենդան կանչ,

Մեղմ զեփյուռ՝ շոյող, օրորուն,

Բարձունքում՝ հնամյա վանք:

Ձորակի լանջերին շողշողուն

Հնձվորներ, գերանդու շառաչ

Մենավոր ժայռերի ծերպերում՝

Աղջկա թովչանք ու կանչ։

 ***

Մահվան սարսափը կախված աչքերիս՝

Ժայռեր մագլցում, նետվում վիհերը,

Քաղում եմ, բերում, քե՛զ համար, անգի՛ն,

Կապույտով օծված  մանուշակները։

Երազներիս մեջ ինչ պիես լինի,

Գլխավոր դերում միշտ դու ես խաղում,

Միշտ էլ առաջին շարքերում նստած,

Ես եմ հոտնկայս քեզ ծափահարում։

Քո լույսով եմ ես ապրում, անրջում,

Մտնում այս կյանքի հորձանուտները,

Իսկ դու ինձ համար կյանքի պիեսում

Նախընտրեցիր լուռ համրի դերը։

 Քառյակներ

Նայում եմ տխուր մորս մազերին,

Լու՜ռ ճերմակում են մազերը նրա.

Ու թվում է ինձ՝ եթե չնայեմ,

Մորս գլխին էլ սև մազ չի մնա։

***

Տարածությունը կարոտի մայրն է,

Իսկ ժամանակը հայրն է կարոտի.

Մի՞թե լքումից հետո զղջումը

Սիրող քույրը չէ այրող կարոտի։

***

Տերևը դեղնել է.

Տե՜ս, չորացել է,

Բայց ճյուղից պոկվելը

Մոռացել է…

Նյութը պատրաստեց Հայկանուշ Գրիգորյանը