ԵՄ դիտորդների առաջին խումբը ժամանել է Երևան. Տոյվո Կլաարը լուսանկար է հրապարակել

Եվրամիության՝ Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերի իր էջում լուսանկար է հրապարակել Եվրամիության առաքելության ժամանումից և հայտնել, որ ԵՄ դիտորդների առաջին խումբը ժամանել է Երևան:

«Այսօր ԵՄ դիտորդների առաջատար խումբը ժամանել է Երևան։ 27 անդամ երկրներն արագ արձագանքել են Հայաստանի խնդրանքին։

Տեղակայման նպատակը լինելու է իրավիճակի մշտադիտարկումը և տեղում Հայաստանին ու Ադրբեջանին աջակցության տրամադրումը` իրավիիճակի կայունացման նպատակով»,-գրել է Կլաարը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրամիության նախագահ Շառլ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արդյունքներով կողմերը հանդես էին եկել հայտարարությամբ, որում նաև նշվում էր, որ Հայաստանը համաձայնություն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելուն: