Մասնագիտությունը բժիշկ, կոչումով՝ Մարդ

Երբ մասնագիտական որակներն ու մարդկային վեհ արժանիքները ներդաշնակվում են բժշկի մեջ, և կյանքիդ օրհասական պահին հանդիպում ես հենց այդ մասնագետին, ուրեմն բախտավոր մարդ ես, ուրեմն՝ կյանքդ ու առողջությունդ հուսալի ձեռքերում են:

Հարգելի խմբագրություն, ուզում եմ ձեր լրատվամիջոցով երախտիքս հայտնել  «Աշտարակ» բժշկական կենտրոնի  վնասվածքաբան-օրթոպեդ Գագիկ Օհանյանին՝ ոչ միայն մասնագիտական պրոֆեսիոնալիզմի, այլև բուժառուների հանդեպ ցուցաբերած մարդկային ու հոգատար վերաբերմունքի համար, որ բժիշկը դրսևորում է յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ։ Փորձառու բժիշկն առաջին իսկ հանդիպումից հիվանդներին դրական տրամադրվածությամբ է համակում, մի տեսակ վստահություն ներշնչում, որ ցանկացած, անգամ ամենաբարդ վիրահատությունը հաջող ավարտ է ունենալու:

Գագիկ Օհանյանի մասին հիվանդները խոսում են սիրով ու երախտագիտությամբ, իսկ նա չի դադարում զարմացնել իր մասնագիտական պատրաստվածությամբ։ Ես էլ, որպես նրանցից մեկը, պետք է ասեմ, որ  բժիշկն իր աշխատաոճով մեկ անգամ ևս փաստեց. առողջապահական համակարգում կան կոչումով բժիշկներ, ում համար մարդու առողջությունը վեր է ամեն ինչից:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև նույն բժշկական կենտրոնի ռենտգենաբան Կարեն Կուլախսզյանին, ով նախկինում զինվորական բժիշկ է եղել, անցել պատերազմի բովով,սակայն համեստորեն լռում է պատերազմական օրերի և մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կրած դժվարությունների մասին:  Այսօր էլ նրա մասնագիտական գործունեությունը ամենօրյա պայքար է մարդու առողջության պահպանման դժվարին ճանապարհին:

Հարգարժան բժիշկներ, ցանկանում եմ   ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այն նվիրումի համար, որով վերաբերվում եք ձեր աշխատանքին և մարդուն առհասարակ…

Շնորհակալություն նաև  «Աշտարակ» բժշկական կենտրոնի  տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանին՝ բժշկական կենտրոնում հիվանդների սպասարկումը պատշաճորեն կազմակերպելու և բուժառուների առողջության պահպանումն ի սկզբանե կարևորելու համար:

Սվետլանա Պապյան