Դատարանը վարույթ է ընդունել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետի

Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Նշենք, որ դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել մարտի 3-ին։

Ըստ հայցադիմումի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պահանջում է պարտավորեցնել Փաշինյանին՝ ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։

Հիշեցնենք, որ 2020թ.  հունվարի 25-ին Կապանում  տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ  «2018թ. մայիսից սկսած սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել»։

Հայտարարությունից հետո Հրայր Թովմասյանը վարչապետին տվել էր 20 օր ժամանակ,  որպեսզի Նիկոլ Փաշինյանը ներկայացնի որեւէ ապացույց:

2 օր անց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերի ժամանակ որպես ապացույց ներկայացրեց մի գրիչ, որն իրեն էր նվիրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։