Անկարայի՝ Ադրբեջանին անվերապահորեն աջակցելու քաղաքականությունը խափանում է հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային միջնորդների ջանքերը: Նման հայտարարություն է արել Արցախի հանրապետության ԱԳՆ՝ պատասխանելով հետեւյալ հարցին. «Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուի հայտարարությունը, որը հնչեցվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ»:
Ըստ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության, Թուրքիան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցում չեզոք կողմ չէ, հետևապես օբյեկտիվորեն չի կարող որևէ դրական դերակատարություն ունենալ։ Փաստ է, որ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է. սկսած 1988 թվականից՝ ղարաբաղյան շարժման սկզբնավորումից, և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում Թուրքիան սատարել է ադրբեջանական կողմին:
Ավելին, 2016 թ. ապրիլին Թուրքիան բացահայտ կերպով աջակցել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝ հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և, ընդհանրապես, միջազգային հանրության կոչերին՝ անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները։ Անկարայի՝ Ադրբեջանին անվերապահորեն աջակցելու քաղաքականությունը ոչ միայն հակասում է Թուրքիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի կարգավիճակին, այլև խափանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանն ուղղված միջազգային միջնորդների ջանքերը։
Այս մասին գրված է ԱՀ ԱԳՆ պաշտոնական կայքում: