Ռուսաստանում որսորդներին հաջողվել է սպանել գյուղի բնակիչներին ահաբեկող հսկայական գայլին

Ռուսաստանում որսորդներին հաջողվել է սպանել հսկայական գայլին, որն ահաբեկում էր մոտակա գյուղի բնակիչներին:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, հսկայական գիշատչին պատկերող լուսանկարները սոցցանցում են տարածվել այս շաբաթ: Լուսանկարներում երևում է, թե ինչպես են որսորդները փորձում քարշ տալով տեղաշարժել հսկայական կենդանուն:

Հաղորդվում է, որ անհավանական մեծության գազանին կրակել են ՌԴ կազմում ընդգրկված Բաշկորտոստանի Հանրապետության Բլագովեշչենսկ շրջանի Ալեքսանդրովկա գյուղում, որտեղ վերջերս գայլերի ոհմակն սկսել էր ահաբեկել բնակիչներին:

Ուշագրավ է, որ տեղաբնակների խոսքով՝ այդ շրջանում գայլեր չեն նկատվել 4 տասնամյակ շարունակ, սակայն վերջերս հայտնվել են տեղանքում և անդադար ներխուժում են մարդկանց բնակելի տարածքներ: Գիշատիչները մեծ վնաս են հասցրել գյուղական տնտեսությանը՝ հոշոտելով մի քանի շների, տասնյակ կովերի, ոչխարների և ձիերի:

Բնայիչների շրջանում մտահոգությունն էլ ավելի է մեծացել՝ տեսնելով որսորդների զոհ դարձած կենդանու չափսերը: Նրանք մտավախություն ունեն, որ անտառում դեռ կան հսկա գայլեր։