Պատմություն երազանքների, անձնական աճի, որակյալ կրթություն ապահովելու և հաջողությունների մասին

Երբ տարիներ առաջ 12-ամյա մի աղջնակ մտածում էր կրթական հեղափոխության մասին, շատերը չէին էլ պատկերացնում, որ այդքան համարձակ երազանքը կարող է իրականություն դառնալ: Իսկ նա «Եղիր բարի, երազիր մեծ, անցիր գործի» սկզբունքը որդեգրած, 17 տարեկան հասակում արեց իր առաջին, բայց վստահ քայլերը կրթության բնագավառում՝ հիմնելով անգլերենի ուսումնական կենտրոն: Կենտրոն, որը հետագայում շատերի համար դառնալու էր դարբնոց անգլերեն լեզուն յուրացնելու և ամրապնդելու գործում: Այդ լուսե աղջիկը Իլոնա Սահակյանն էր…

Երվանդ Քոչար 23/2 հասցեում այս անգամ  իր հյուրընկալ դռներն էր բացել «Իլոնա» չորրորդ ուսումնական կենտրոնը: Հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ուրախ երաժշտությամբ ու գեղեցիկ պարերով: Ոգևորությունը համընդհանուր էր ու վարակիչ: Մասնակիցները ջերմ բարեմաղթանքներով ողջունեցին նոր կենտրոնի բացումը՝ շնորհավորանքներ ուղղվելով «Իլոնա» ուսումնական կենտրոնի տնօրեն Իլոնա Սահակյանին և նրա թիմին: Ուշարժան էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  Ավագ դպրոցի տնօրեն Մարթա Ասատրյանի ողջույնի խոսքը.

«Մի քանի տարի առաջ մենք ներկա էինք «Իլոնա» առաջին ուսումնական կենտրոնի բացմանը: Ինձ համար տպավորիչ և ուրախացնող է, որ Իլոնան, լինելով մեր աշակերտուհին, դեռևս դպրոցական տարիներին ուներ կրթության մեջ հեղափոխություն անելու խիզախ ցանկություն, և իր հետազոտական աշխատանքը հենց այս ցանցի կրթական հեղափոխությանն էր վերաբերում: Այսօր նրա երազանքը իրականություն է դարձել, և ես ուրախ եմ կենտրոնի ուսուցիչների շարքում տեսնել նաև բլեյանցիների: Հենց Բլեյան մանկավարժությունն է, որ ձեզանից յուրաքանչյուրին կրթության մեջ հեղափոխություն անելու հնարավորություն է տվել: Ջերմորեն շնորհավորում եմ Իլոնային և իր թիմին՝ մաղթելով նորանոր հաջողություններ՚:

Անկեղծ ու անմիջական էր Իլոնայի ամուսնու՝ Արմեն Ավագյանի շնորհավորական խոսքը.

«Արդեն երկու տարի է, ինչ ես կապված եմ այս ոլորտի հետ և պետք է նշեմ, որ սա ոչ միայն գործ է, այլև առաջին հերթին առաքելություն, որը մեծացնում է անգլերենի իմացությամբ զարգացաման հեռանկարները. մարդիկ իրենց տեսլականը, իրենց նպատակները կիրագործեն ոչ միայն հայալեզու շրջանակներում, այլ նաև միջազգային ասպարեզում: Ուզում եմ առիթը օգտագործելով երախտիքս հայտնել նրանց, ովքեր առավոտից երեկո մեզ հետ միասին աշխատել և իրենց լուման են ներդրել կրթության որակի բարելավման պատվավոր գործին:

«Իլոնա» ուսումնական կենտրոնի հիմնադիր Իլոնա Սահակյանը յուրովի բարեմաղթանքով դիմեց ներկաներին.

-Սիրելիներ, անսահման սիրում եմ բոլորիդ և շնորհակալ եմ յուրաքանչյուրի ներկայության համար ոչ միայն այս պահին, այլ նաև այն բոլոր տարիների ընթացքում, երբ համատեղ աշխատել և ստեղծագործել ենք, ստեղծել այնպիսի համայնք, որի մասին այժմ խոսում են Հայաստանի տարբեր ծայրերում: Սա մեր չորրորդ մասնաճյուղն է՝ չորս տարիների ընթացքում, բայց այս ամենը երբեք թվերի կամ քանակի մասին չի եղել: Այս ամենը երբեք բիզնես չի եղել: Սա պարզապես պատմություն է երազանքների, անձնական աճի և հաջողության մասին, որին հասել ենք մենք բոլորս միասին: Սա պատմություն է որակյալ կրթության և այն մասին, թե ինչեր կարող է անել մարդը, երբ հավատում են նրա ուժերին, թևեր տալիս, որպեսզի նա առաջ գնա: Այս պատմությունը իրականում այլևս միայն իմ մասին չէ, այլև շատ մարդկանց մասին, ու հարյուրավոր սովորողներ այժմ այս պատմության մի մասն են: Սիրելիներ, մեր շրջապատում կան հարյուրավոր տաղանդավոր երեխաներ և պատանիներ, երեխաներ, ում ինչ-որ մեկը պետք է հավատա, որպեսզի նրանք առաջ շարժվեն: Այստեղ՝ «Իլոնա» անգլերենի կենտրոնում մենք անգլերենը դարձնում ենք գործիք սովորողների ձեռքում, ինչի համար ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր կիսեցին մեր տեսիլքը, միացան թիմին, իրենց սերը կրթության հանդեպ փոխանցեցին մեր սովորողներին: Այն ստեղծում է նոր ստանդարտներ, նոր սկզբունքներ կրթության ոլորտում և այն դառնալու է մեծ, շատ մեծ միջազգային դպրոց, որտեղ դասավանդելու են մեր այսօրվա սաները:Նոր ուսուցիչներ են համալրելու մեր թիմը և մենք դառնալու ենք առաջատար Հայաստանի կրթական համակարգում:

Կենտրոնում աշխատող բոլոր մանկավարժները միաձայն նշում էին, թե որքան կարևոր և աննկարագրելի հույզեր ու դրական լիցքեր են ստանում, երբ տեսնում են իրենց առաջին քայլերը կենտրոնում սկսած աշակերտների հաջողությունները։

Օրը նշանավորվեց որպես «Իլոնա» ուսումնական կենտրոնի բեղուն շարունակության մի նոր սկիզբ:

Blic.am-ի խմբագրակազմը ևս սիրով միանում է հնչած շնորհավորանքներին՝ «Իլոնա» ուսումնական կենտրոնին մաղթելով նորանոր հաղթանակներ ու հաջողություններ:

Լիանա Մամյան