Նավթի գները կարող են նվազել մինչեւ աննախադեպ մակարդակի

Չորեքշաբթի նավթի գները նվազել են բարելի դիմաց 16 դոլարից ցածր՝ հասնելով 1999 թվականի նվազագույնին, շուկայի գերհագեցվածության եւ կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքների ֆոնին պահանջարկի անկման պատճառով, փոխանցում է Reuters-ը:

Հումքի պրոֆիցիտը սկսեց աճել այն բանից հետո, որբ ՕՊԵԿ+-ին՝ Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի գլխավորությամբ մարտին չհաջողվեց երկարացնել արդյունահանման կրճատման մասին համաձայնագիրը: Ապրիլին համաձայնեցվեց նոր դաշնագիր, բայց համավարակի զսպման կարանտինային միջոցառումները հանգեցրին վառելիքի պահանջարկի կտրուկ կրճատման:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները, որ նախորդ նստաշրջանում 24 տոկոսով անկում էին ունեցել, հասել են բարելի դիմաց 15,98 դոլար նիշին, որը 1999 թվականի հունիսից նվազագույնն է: Brent-ը 13:10-ին վաճառվել է 18,93 դոլար նիշով: WTI-ի ֆյուչերսների անկումը կազմել է 3,4 տոկոս՝ հասնելով մինչեւ 11,18 դոլարի:

«Պատրաստ եղեք նավթի այս կոտրված շուկայում նոր անակնկալների»,- ասել է Rystad Energy-ից Բյորնար Թոնհաուգենը՝ հավելելով, որ գները կարող են նվազել մինչեւ աննախադեպ մակարդակների, որովհետեւ պահուստարաններն ուղղակի չեն բավականացնում, եթե արտադրության ծավալների հետագա նվազում չլինի:

ԱՄՆ-ում նավթի պաշարները ապրիլի 17-ին ավարտված մեկ շաբաթում աճել են 13,2 մլն բարելով, երեքշաբթի հայտնել էր Նավթի ամերիկյան ինստիտուտը: Վերլուծաբանները աճ էին կանխատեսել 13,1 մլն բարելով: