Ո՞ր արժանիքի համար է Սիմիդյանը նախարար նշանակվել․ մանրամասներ կենսագրությունից

Շրջակա միջավայրի նախարարությունը նոր ղեկավար ունի՝ Հակոբ Սիմիդյանն է, որ մինչ այդ ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում։ Ո՞ր հմտության համար է Նիկոլ Փաշինյանը Սիմիդյանին նախարարի պաշտոն վստահել․ փորձեցինք պարզել՝ ըստ նրա անցած ճանապարհի։

Այսպես՝ 2004-ին ավարտելով Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը՝ Սիմիդյանն աշխատանքի է անցել «Ժառանգություն» կուսակցության նախկին առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կնոջ՝ Արմինե Հովհանիսյանի ղեկավարած կառույցում՝ «Օրրան» ՀԿ-ում։ Ի դեպ, նշված չէ, թե բարեգործական ՀԿ-ում ինչ աշխատանք է արել։

Հովհաննիսյանի ղեկավարած կառույցում երկու տարի աշխատելուց հետո 2009-2012 թթ. «Դարասկիզբ» ՍՊԸ տնօրենի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել։ Հիշյալ ՍՊԸ-ն, նշենք, Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» հրատարակիչն է։ 2013-ին «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի տնօրենն է եղել, իսկ 2012-2017-ին, ըստ կառավարության կայքում ներկայացված կենսագրության, ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական է աշխատել։ Ի դեպ, gov.am-ում նշված չէ, որ Նիկոլ Փաշինյանի օգնականն է եղել։

2018 –ին, երբ Հայաստանում արդեն քաղաքական կուրս էր փոխվել, «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ն է տնօրինել, նույն տարում տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ նշանակվել։ Սպորտի հետ էլ է առնչվել Սիմիդյանը՝ 2020-ին հասարակական հիմունքներով ՀՖՖ նախագահի խորհրդական նշանակվելով։ ԱԺ 7-րդ գումարման ժամանակ ստանձնել է «Իմ քայլը» իշխանական խմբակցության քարտուղարի լիազորությունները։ Հետպատերազմյան՝ 8-րդ գումարման, խորհրդարանում մանդատ չի ստացել։ 2021-ի օգոստոսին նորից գործադիր է գործուղվել, սկզբից՝ վարչապետի խորհրդականի, այժմ, փաստորեն, շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը ստանձնելով։

Նայելով ու ուսումնասիրելով նախարար Սիմիդյանի կենսագրությունն ու աշխատանքային փորձը՝ պարզ է դառնում, որ նրա աշխատանքային գործունեությունը սկսում ու շարունակվում է ուղղակիորեն կապված լինելով Նիկոլ Փաշինյանի հետ։ Հետևաբար՝ փորձել հասկանալ՝ ո՞ր հատկանիշի կամ արժանիքի համար է ոչ միայն Սիմիդյանը, այլ նաև Փաշինյանի ցանկացած այլ թիմակից, յուրային այս կամ այն պաշտոնի նշանակվել ու նշանակվում, անիմաստ է․ 1990-ականներից մինչև մեր օրեր ՀՀՇ-ի հայտնի «կանոնն» է գործում։