Շարունակելու եմ միջազգային հանրությանը տեղեկացնել Արցախում տիրող իրավիճակի մասին.Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.
     Տարին սկսել եմ միջազգային բոլոր գործընկերներիս ուղղված գրություններով:
📌Արձանագրել եմ, որ Արցախի Հանրապետության կառավարությունը, բավարարելով ադրբեջանական «էկոակտիվիստների» պահանջը, հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքավայրի շահագործումը, մինչև միջազգային փորձաքննություն կիրականացվի, սակայն դրանից հետո ևս ճանապարհը չի բացվում, ինչն էլ ապացուցում է, որ ճանապարհի փակումը կրում է միմիայն քաղաքական բնույթ:
❗️Միջազգային իրավասու կառույցների գործնական քայլերի բացակայության պայմաններում Ադրբեջանը շարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտման, հայերի էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության իրագործումը:
Ներկայացնելով առկա խնդիրների խիստ հրատապությունը՝ միջազգային գործընկերներիս խնդրել եմ.
✔️Ադրբեջանի նկատմամբ կիրառել պատժամիջոցներ՝ դադարեցնելու վերջինիս անմարդկային քաղաքականությունը,
✔️ձեռնարկել գործուն քայլեր՝ Արցախը Հայաստանին և ողջ աշխարհին կապող միակ ճանապարհը բացելու նպատակով։
Շեշտել եմ՝ վերոգրյալի կապակցությամբ իրենց գնահատականն ու գործուն քայլերը կարող են նպաստել 120․000 կյանքի փրկությանը։
🔎Արձագանքներ և՛ կան, և՛ չկան. այդուհանդերձ ես շարունակելու եմ օպերատիվ կերպով միջազգային հանրությանը տեղեկացնել տարածաշրջանում առկա իրավիճակը, որտեղ մարդու իրավունքները ուղղակիորեն ոտնահարվում են:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան