Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը մերժում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսարանի լրատվական ծառայությունից, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Կաթողիկոսը Լիբանան այցելության ժամանակ ելույթ է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային ընդհանուր ժողովում և անդրադարձել ԱՄՆ-ի նախագահի` Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությանը, մերժելով այդ մոտեցումը, որը չի համապատասխանում միջազգային օրենքի արդարության ու պատմական իրողությանը։ Միաժամանակ, Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ Երուսաղեմը պետք է մնա բաց քաղաք միաստվածության երեք կրոնների ներկայացուցիչների համար՝ հրեական, քրիստոնեական ու իսլամական, եւ հիշյալ կրոնների իրավունքները պետք է միշտ պաշտպանված լինեն Երուսաղեմում։
Միջոցառմանը ներկա Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աուն իր հերթին ներկայացրել Լիբանանի դիրքորոշումը ԱՄՆ-ի նախագահի հայտարարության վերաբերյալ` նշելով, որ նույնպես մերժում է այդ մոտեցումը:
Հայրապետն իր խոսքում անդրադարձել է նաև հայ եկեղեցու ազգային նկարագրին ու ժողովրդանվեր ծառայությանը եւ, ընդհանրապես Սփյուռքի համայնքներում դերակատարությանը: Իր հերթին Լիբանանի նախագահը շեշտել է հայկական Սփյուռքի կարևորությունը և հայերեն լեզուն, հայկական արժեքներն ու մշակույթը պահպանելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունն առանձին հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահի հետ: Հանդիպման ընթացքում արծարծվել են Լիբանանը եւ, ընդհանրապես, Միջին Արեւելքը հուզող քաղաքական հարցեր: