Ինչու հայ նկարիչների գործերը չեն հայտնվում աշխարհի հեղինակավոր ցուցահանդեսներում

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն այն համոզմանն է, որ նկարիչների միության առաջ ծառացած խնդիրներն, ինչպես տարիներ առաջ, այժմ էլ՝ նույնն են.  «Հայաստանի նկարիչների միությունն, ինչպես տարիներ շարունակ, այնպես էլ 2017 թվականին ունեցել է և ունի  ֆինանսավորման հայթայթման խնդիր, որից բխում են մեր մյուս խնդիրները: Ամեն տարի կայանում են միջազգային հանդիպումներ տարբեր երկրներում, մեզ ուղարկվում են մասնակցության հրավերներ, սակայն, չենք կարողանում դրանց մասնակցել, քանի որ ունենք ֆինանսի բացակայություն»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Միության ղեկավարի խոսքով՝ որպեսզի հայ նկարիչները կարողանան միջազգային ասպարեզում ներկայացնել իրենց գործերը, նախ պետք է մասնակցեն ցուցահանդեսների, ինչը չեն կարողանում անել, ուստի դա է պատճառը, որ մեր նկարիչների գործերը հեղինակավոր ցուցահանդեսներում չեն հայտնվում.«Ցանկացած միջազգային ցուցահանդեսի մասնակցելու համար նվազագույնը 40-50 հազար դոլար է պետք, որպեսզի նկարիչը մեկնի այդ երկիր, իր նկարները տեղափոխի, կարողանա գոնե տաս օր այդ երկրում ապրել, իսկ Հայաստանում ապրող  և ստեղծագործող նկարիչներն այդ հնարավորությունը չունեն»:

Հարցին՝ արդյոք միությունը պետության կողմից պատվերներ չի ստանում, Կարեն Աղամյանը պատասխանեց.  «Պետական պատվեր միությունը ստանում էր խորհրդային միության տարիներին, և այս կամ այն գործը ներկայացնելու համար նկարիչը ստանում էր այնքան գումար, որը նրան հնարավորություն էր տալիս լավ ապրելու: Հիմա նման բան չկա: Մենք մեր ուժերով ենք  պահում միությունը: Ստեղծագործական կյանքը միությունում շատ ակտիվ է,  40-50 ցուցահանդես ենք անցկացրել: Խնդիրն այստեղ,պարզապես, այն է, որ մեր նկարիչներին դրսում չենք կարողանում ներկայացնել»:

Խոսելով մեկենասների և բարերարների աջակցության մասին՝ Կարեն Աղամյանը նշեց, որ թեև այդպիսիք կան, սակայն քանի որ չկա պետական մտածողություն, արվեստի նկատմամբ ուշադրություն և արվեստով փող աշխատելու ցանկություն, ուստի միայն մեկենասների միջոցներով անհնար է հայ նկարիչների գործերը հանրայնացնել, աշխատել աշխարհի լավագույն պատկերասրահների հետ, ինչը հնարավորություն կտար մեծ գումարներով վաճառել հայ նկարիչների արժեքավոր գործերը: