Ոչ մի տրամաբանություն չկա այն մեղադրանքում, որ կառավարող ուժի համար ձեռնտու էր ԸՕ փոփոխությունների ընդունման տապալումը․ Լենա Նազարյան

«ԵԼՔ» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ոչ մի տրամաբանություն չկա այն մեղադրանքում, որ կառավարող ուժի համար ձեռնտու էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունման տապալումը: Ո՞րն է կառավարող ուժի համար տարածքային ցուցակներ պահելու շահը: Որպեսզի շահագրգռե՞նք մարզերում ու վարչական շրջաններում հեղինակություն ունեցող թեկնածուներին` մեր ցուցակներում ընդգրկվելու համար: Բայց դրա համար հատուկ ջանքի կարիք չկա էլ մեր դեպքում. Երևանի ավագանու ցուցակ կազմելու համար մոտ 500 անձի հայտ ենք դիտարկել: Մինչդեռ մեկ ընտրական ցուցակով ընտրությունների մասնակցելը միշտ ավելի կանխատեսելի ու պակաս ռիսկային է քաղաքական թիմ ձևավորելու առումով ու սա շա՛տ ավելի նախընտրելի տարբերակ է բոլոր նրանց համար, ովքեր ոչ թե ընտրվելու խնդիր ունեն, այլ` ԱԺ-ում քաղաքական և աշխատող թիմ ունենալու նպատակ ունեն: Իսկ մենք ունենք այդ նպատակը: Եվ անգամ գործող օրենսգիրքը մեզ չի խանգարի, որ մենք հասնենք այդ նպատակին, թեև ավելի դժվար կլինի: Ափսոսում եմ, որ մարդիկ, ովքեր շատ լավ են պատկերացնում այս տարբերությունը, անտեսեցին մեր ջանքերը քաղաքական խորհրդարան ունենալու ուղղությամբ և չմատնանշեցին իրական խոչընդոտողներին»: