Վերջին մի քանի շաբաթների ընթացքում նոր սրացումներ են արձանագրվել պաղեստինա-իսրայելական սահմանի Գազայի հատվածում. վստահաբար, պաղեստինյան կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծությունն այն աստիճանի է ակտիվացել, որ իսրայելական հասարակական-քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է հատուկ ցամաքային գործողություն իրականացնելու հարցը(վերջին նման գործողությունը 2014թ. նախաձեռնված «Անխորտակելի ժայռ» օպերացիան էր): Խնդիրը պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի կողմից բարձրացվել է նաև կառավարության նիստի ընթացքում, ինչին ընթացք տալուց կտրականապես հրաժարվել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն և նրա գլխավորած թիմը՝ պատճառաբանելով, որ քայլեր են իրականացվում հատկապես Եգիպտոսի միջնորդությամբ քաղաքական պայմանավորվածության հասնելու ուղղությամբ:
Հարկ է նշել, որ նշված ժամանակահատվածում տարածքային խնդիրներ էին առաջացել նաև Իսրայելի և Հորդանանի միջև, և Իսրայելի վարչապետի վարքագիծը կրկին բավականին չափավոր էր, որը, ընդհանուր առմամբ, բնորոշ չէ Նեթանյահուի բնույթին և գործելաոճին:
Վերը նշված իրողությունները, ամենայն հավանականությամբ, պետք է հիմանվորել ամերիկա-իսրայելական պայմանավորվածությունների հանգամանքով՝ հավելյալ չսրելու իրավիճակը տարածաշրջանում՝ նոյեմբերի սկզբին Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների երկրորդ փուլի ուժի մեջ մտնելուն ընդառաջ. ասել է, թե՝ կարելի է կանխատեսել, որ դաշնակիցների և նրանց հետ գործող մյուս դերակատարների համատեղ ջանքերը միավորվելու են Թեհրանի դեմ: Ի դեպ, նման տրամաբանության օգտին է խոսում նաև մեկ այլ հանգամանք. վերջին շրջանում Գազայի հատվածում իրավիճակը սրվում է առավելապես պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման կողմից, որի գլխավոր արտաքին հովանավորը հենց Իրանն է: Ի դեպ, Իրանի տարաբնույթ մանևրներն ակտիվացել են նաև Սիրիայում և լիբանանյան «Հիզբալլահի» հետ համագործակցության շրջանակներում:
Նկարագրված իրավիճակը թույլ է տալիս կանխատեսել, որ Մերձավոր Արևելքում ակնկալվող բավական հետաքրքիր, նաև վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով հակամարտային զարգացումներին հնարավորինս նախապատրաստվում են դրա բոլոր կողմերը՝ այս փուլում «բազուկներ ցուցադրելու» մարտավարությամբ:
Գրառումը՝ Արմեն Պետրոսյանի