Նարեկ Մինասյան. Հայաստանը պետք է բարձրաձայնի 907-րդ բանաձևի չեղարկման անհնարինության մասին․ Առավոտ

Նոյեմբերի 1-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում տեղի ունեցավ հանդիպում «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ։ Հանդիպման ընթացքում խոսվեց Ջոն Բոլթոնի հայաստանյան այցի հնարավոր հետևանքների ու արձագանքների, և արցախյան խնդրի կարգավորման համար նոր իշխանությունների մոտեցումների մասին։ Մինասյանն ասաց, որ Բոլթոնի տարածաշրջանային այցը նպատակ ուներ հստակեցնելու Ամերիկայի գերակայությունը տարածաշրջանային երկրների վրա և այն նաև որոշակիորեն ճանաչողական բնույթ էր կրում։ «Վերջին անգամ նման այց տեղի է ունեցել մոտավորապես 20 տարի առաջ, հետևաբար Բոլթոնի այցը ևս մեկ անգամ վկայում է, որ, ըստ էության, Միացյալ Նահանգների ներկայիս վարչակարգը բավականին հետաքրքրված է Հարավային Կովկասով։ Նաև չի բացառվում, որ առաջիկայում որոշակի վերաձևակերպումներ կարվեն հարավկովկասյան քաղաքականության շրջանակներում»,-ասաց Նարեկ Մինասյանը։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի առաջ խնդիր էր դրված հստակեցնել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները Իրանի հետ կապված, և նրանց հակաիրանական պատժամիջոցներին միանալու հավանականությունը։ Մինասյանի խոսքով, ԱՄՆ-ի համար կարևոր էր նաև հասկանալ այն հնարավորությունները, որոնց միջոցով տարածաշրջանում հնարավոր է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը։ Քաղաքագետն ասաց, որ Հայաստանի համար բավական կարևոր էր քննարկում ունենալ հայ-ամերիկյան օրակարգի հետ կապված, և հստակեցնել համագործակցության եզրերը։

«Փաշինյան-Բոլթոն հանդիպման ժամանակ բարձրաձայնվեցին փոխայցելությունների կարևորությունն ու անհրաժեշտությունը, ինչը բավական կարևոր է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները խնդիր են դրել հնարավորինս ակտիվացնել արտաքին քաղաքականությունը»։ Խոսելով Հայաստանի՝ Ամերիկայից զենք գնելու հավանականության մասին, քաղաքագետը ասաց, որ Հայաստանը ռուսական զենքը ձեռք է բերում գործարանային գնով և տարբեր մաքսատուրքերից ազատված կարգավիճակով։ Այս ամենը հաշվի առնելով, Հայաստանի համար առավել շահեկան է ռուսական զենքի ձեռքբերումը, սակայն դա չի ենթադրում, որ հայկական կողմը չի բանակցում և չի դիտարկում ԱՄՆ-ից զենք ձեռք բերելու հնարավորությունները։ Մինասյանը խոսեց նաև 907-րդ բանաձևի մասին, որի համաձայն, ԱՄՆ կառավարությունն արգելում է օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Նա նշեց, որ Ադրբեջանը մշտապես ասել է, որ 907-րդ բանաձևը խոչընդոտում է ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, և անհրաժեշտ է այն չեղարկել։ Մինասյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է բարձրաձայնի 907-րդ բանաձևի չեղարկման անհնարինության մասին, քանի որ դա ուղղակիորեն հարվածի տակ կդնի տարածաշրջանային անվտանգությունը։ Անդրադառնալով Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, Մինասյանն ասաց, որ Թավշյա հեղափոխությունից հետո Ղարաբաղյան կարգավորման թեման տարբեր ձևաչափերով բարձրաձայնվել է և, տարբեր առիթներով վարչապետը ներկայացրել է սեփական մոտեցումները, սակայն բովանդակային բանակցություններ դեռևս տեղի չեն ունեցել։ «Այս ընթացքում 2 անգամ տեղի է ունեցել արտգործնախարարների հանդիպում՝ Բրյուսելում և Նյու Յորքում, սակայն Փաշինյան-Ալիև հանդիպումներ բանակցային գործընթացի հետ կապված հանդիպումներ տեղի չեն ունեցել։ Այնուամենայնիվ, 2 անգամ շփում է տեղի ունեցել Փաշինյանի և Ալիևի միջև. մեկը՝ ֆուտբոլի բացման արարողության ժամանակ, մյուսը՝ Դուշանբեում»։

Ըստ քաղաքագետի, այս շփումների ընթացքում կարծես թե հաջողվել է որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ խաղաղության մթնոլորտի ձևավորման տեսանկյունից։