«Լուսավոր Հայաստան»-ն «այլ որոշում էր կայացրել, Հայկ Կոնջորյանն էլ դուրս է եկել․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում ներառված է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում: Նոյեմբերի 1-ի ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց նույն խմբակցության պատգամավոր, ՔՊ-ի անդամ Ալեն Սիմոնյանը:

«Հայկ Կոնջորյանի՝ մեզ միացումը շատ դրական եմ գնահատում: Շատ սպասված էր, նա մեր լավ գործընկերն է: Նա լինելու է մեր ցուցակում»,- հայտարարեց Սիմոնյանն ու վստահեցրեց, որ Կոնջորյանը եղել է այն գործընկերը, ով մշտապես կիսել է իրենց սկզբունքային դիրքորոշումներն ու սատարել:

Սիմոնյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստան»-ն «այլ որոշում էր կայացրել, նա էլ, լինելով կուսակցության անդամ, դուրս էր եկել»:

Նշենք, որ Հայկ Կոնջորյանը հոկտեմբերի 31-իմ հայտնել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին: