ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը այս պահին որևէ կերպ կարգավորված չէ. ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցն այս պահին որևէ կերպ կարգավորված չէ, և դրան են ուղղված անցկացվող խորհրդակցությունները:

Նոյեմբերի 6-ին ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետարքրվեց, թե նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունենալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում արդյոք քննարկվելո՞ւ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը: «Քվոտան դեռևս պատկանում է Հայաստանին: Վերլուծաբանների շրջանակում տեսակետներ կան, թե Հայաստանից թեկնածու չի առաջադրվելու, կամ էլ թեկնածությունը հնարավոր չէ, որ հաստատվի»,-նշեց պատգամավորը:

Փոխնախարարը նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկվում է հավաքական անվտանգության խորհրդի կողմից ԱԳ նախարարների խորհրդի ներկայացմամբ կամ առաջարկությամբ: «Գլխավոր քարտուղարների փոփոխության հարցը որևէ կերպ կարգավորված չէ: Եվ հենց դրան են ուղղված այն խորհրդակցությունները, որոնք իրականանում են»,-ասաց փոխնախարարը: