Կենացները դարձան իմաստազուրկ. Պավել Մանուկյան

«Սասնա ծռեր»-ի անդամ Պավել Մանուկյանը ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել իր ծննդյան տոնի կապակցությամբ ստացած բարեմաղթանքների համար՝ գրելով.

«Սիրելի բարեկամներ, անչափ շնորհակալ եմ ծննդյանս տարեդարձը` 55-ամյակս շնորհավորելու համար: Շնորհավորանքները չեն դադարում մինչ օրս: Բարեմաղթանքները, արժևորումները մեկը մյուսից հուզիչ էին, մեկը մյուսից գեղեցիկ: 55-ամյակս դիմավորեցի Արցախում` Խաչեն գետի ափին, իմ փոքրիկ բլբլված հյուղակում, իմ շատ սիրելի ընկերների հետ` Ներսես Օհանջանյանի, տանկիստ Մհերի, Առաջաձորցի Գագոյի, Շեխերցի Վլադիկի, Ազողցի Վարդանի…կնոջս ծնողների, որոնք մեր բացակայության ընթացքում ոչ մի րոպե չէին բացակայել իմ այդ անչափ սիրելի վայրից և խնամել էին իմ փոքրիկ այգին, որքան կարողացել էին: Զույգ մանգաղներս պատիցս կախվեցին, բայց հնձելիք չունեմ: Ազգիս ու հայրենիքիս առաջ պարտքիցս դեռ ոչինչ մարած չունեմ: Ու մեկ էլ տեղեկանում եմ՝ մեր չորս անգին զինվորների անտեղի նահատակության մասին: Կենացները դարձան իմաստազուրկ: Տղերքի կենացը խմելուց զատ, նրանց համար ուրիշ բան արած չունենք:
Խավարի մեջ դուրս եկա այգիս,
Աչքերս կուլ գնացին կոպերիս տակ
Ու հրե արցունքները դեմքս թացեցին
Սիրտս մորմոքած զինվորի ծնողի համար …
Ծառերս խավարի մեջ ինձանից խռովեցին
Մեր տան դալար չափարից
Չորսը պահապան հրեշտակներ գնացին»:

Հիշեցնեք, որ նոյեմբերի 7-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի ծննդյան 55-րդ տարեդարձն էր: