Հայաստանի ու Ադրբեջանի միջև օպերատիվ կապը գործում է անխափան. Դավիթ Տոնոյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված օպերատիվ կապը գործում է անխափան, դրա համար նշանակված են համապատասխան պաշտոնյաներ։ Այս մասին նոյեմբերի 12-ին ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Օպերատիվ կապի համար նշանակված են համապատասխան պաշտոնյաներ թե ՀՀ-ում, և թե Ադրբեջանում. կապն իրականացվում է այդ պաշտոնյաների միջոցով։ Տեղեկություններն այդ պաշտոնյաները ստանում են զինված ուժերից։ Մինչ այժմ այդ կապը գործում է անխափան»,- նշեց Տոնոյանը։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հայկական կողմը բարձրաձայնում է նաև անմիջական հրամանատարների միջև օպերատիվ կապի ստեղծման հարցը։

«Անմիջական հրամանատարների օպերատիվ կապի ստեղծման հարցը մենք բարձրացնում ենք։ Սա պատահարների նվազեցման միջոց է։ Համանախագահների մոտ բարձրացնում ենք այս հարցը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։