Հերթական կրակոցները Երեւանում. դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից կրակված գնդակներ

Երեկ` փետրվարի 21-ին, կրակոցներ են հնչել Երեւանում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի 88 հասցեի մոտ մի քանի անգամ կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաեւ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցներն արձակվել են Երեւան քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Արմեն Թամազյանի կողմից շահագործվող Infiniti QX մակնիշի 17 AQ 007 համարանիշի ավտոմեքենայի վրա, որից հետո կրակոցներ արձակողը դեպքի վայրից դիմել է փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ա. Թամազյանի ավտոմեքենայի վրա կրակոցներ է արձակել Երեւանի բնակիչ՝ 35-ամյա Սուրեն Ա.-ն: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 34 -104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ կասկածյալ Սուրեն Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել է 3 հատ գնդակ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com