Ոչ թե Ոստիկանությունը դառնում է Ներքին գործերի նախարարություն, այլ ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն, որի կազմում կլինի Ոստիկանությունը. Դանիել Իոաննիսյան

Ոչ թե Ոստիկանությունը դառնում է Ներքին գործերի նախարարություն, այլ ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն, որի կազմում կլինի Ոստիկանությունը. այս մասին «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկմանը լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով՝ Եվրամիության 28 անդամներից 27-ն ունեն ներքին գործերի նախարարություն, իսկ Շվեդիայում ոստիկանությունն արդարադատության նախարարության կազմում է: «Առհասարակ բոլոր ժողովրդավարական երկրներում ոստիկանությունը քաղաքացիական վերահսկողության ներքո է, և կարևոր է, որ Հայաստանում ևս այդ փոփոխությունն արվում է: Սա զինված ուժերի մոդելին է նման: Այս մոդելում կլինի ոստիկանապետ, կլինի Ոստիկանության հրամանատարը, Ոստիկանությունը կմնա ուղղահայաց համակարգ և կլինի նաև ներքին գործերի նախարար: Ոստիկանապետը նշանակվելու է վարչապետի կողմից, ոչ թե նախարարի, բայց գոնե այս պահին նախատեսվող մոդելով նախարարի առաջարկությամբ: Սա այն է, ինչ քաղաքացիական հասարակությունը պահանջում էր վաղուց»,- ասաց նա:

Իսկ թե ինչ կտա սա, Իոաննիսյանը նշեց, որ այս մոդելը հնարավորություն կտա, որ Ոստիկանությունը լինի խորհրդարանի հսկողության ներքո, որ Ոստիկանությունում չհամատեղվեն քաղաքականության մշակման և իրականացման քաղաքացիական ֆունկցիաները ավելի զինվորական ֆունկցիաների հետ: «Սա հնարավորություն կտա, որ խորհրդարանն ավելի շատ կարողանա վերահսկել Ոստիկանության գործունեությունը: Հիմա եթե պատգամավորներն ունենում են հարցեր՝ Ոստիկանության գործունեության հետ կապված, այդ հարցերին պատասխանում է կա´մ վարչապետը, կա´մ արդարադատության նախարարը, բայց երկուսն էլ բավականին սահմանափակ են տեղեկացված Ոստիկանության բոլոր գործողություններին: Այս առումով կլինի ներքին գործերի նախարար, որը կպատասխանի պատգամավորների հարցերին, և բոլոր առումներով համակարգը կդառնա ավելի ժողովրդավարական»,- ասաց նա

Իոաննիսյանի խոսքով՝ պարեկային ծառայության ստեղծումն է կարևոր, որը նորովի ստեղծվող համակարգ է լինելու, նաև հիմնված է նրա վրա, որ բոլոր կադրերը անցնեն լրացուցիչ կրթություն: