Որեւէ ուժ Հայաստանում բռնապետություն հաստատելու ռեսուրս չունի

Հանրաքվեին ընդառաջ «ոչի» կամ բոյկոտի կողմնակիցները երկու հիմնական փաստարկ են ներկայացնում: Առաջին՝ հանրաքվեն իբր անօրինական է, եւ երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանի իրական նպատակը ոչ թե անկախ, այլ «գրպանային» Սահմանադրական դատարան ունենալն ու երկրում բռնապետություն հաստատելն է:

Հանրաքվեի՝ օրինական կամ անօրինական լինելու հարցը մի կողմ թողնենք, որովհետեւ դա զուտ իրավական խնդիր է, ու մասնագետների կարծիքներն էլ տրամագծորեն տարբեր են: Նկատենք միայն, որ զուտ իրավական տեսանկյունից գործող Սահմանադրությունը գուցեեւ օրինական է, բայց փաստացի 2015-ին Սահմանադրություն փոխելն ըստ էության օրենքի շրջանակներում կատարված «շուստրիություն» էր: Պարզապես նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո Սերժ Սարգսյանն իրավունք չուներ ղեկավարել երկիրը, ու դրա հետ համակերպվելու փոխարեն նա որոշեց փոխել Սահմանադրությունը եւ «թղթերով» ստանալ այդ իրավունքը: Այլ կերպ ասած՝ եթե հարցին մոտենանք ոչ թե չոր օրենքի, այլ առողջ տրամաբանության տեսանկյունից, 2015-ի սահմանադրական հանրաքվեն էր ոտից գլուխ անօրինականություն, որն արվեց հանուն մեկ մարդու անձնական շահի: Սահմանադրական դատարանն էլ, հասկանալի է, այն ժամանակ խիստ «սկզբունքային» գտնվեց եւ ձայն-ծպտուն չհանեց:

Հիմա իշխանությունների՝ իբր «գրպանային» ՍԴ ունենալու եւ բռնապետություն հաստատելու ցանկության մասին: Ուշադրություն դարձրեք՝ որեւէ մեկը չի էլ փորձում հերքել, որ ՍԴ-ն միշտ իշխանությունների կամակատարն է եղել: Անգամ ՍԴ գործող անդամներից մեկը օրեր առաջ հայտարարեց, թե աշխարհի որեւէ երկրում Սահմանադրական դատարանն իշխանության հարց չի լուծում, այդ հարցը լուծվում է փողոցում, իսկ ՍԴ-ն դա հաստատում է: Ու հիմա փաստորեն ի՞նչ են ասում «ոչի» կամ բոյկոտի կողմնակիցները: Ասում են՝ ճիշտ է, Սահմանադրական դատարանը միշտ իշխանությունների գրպանում է եղել, բայց եկեք չփոխենք, որովհետեւ եթե փոխենք՝ հաջորդ ՍԴ-ն էլ ա՛յս իշխանությունների գրպանում է լինելու: Այլ կերպ ասած, մի դեպքում գործ ունենք արդեն կայացած փաստի հետ, մյուս դեպքում՝ տեսականորեն հնարավոր տարբերակի: Նույն հաջողությամբ կարելի է պնդել, օրինակ, որ կաշառակեր պաշտոնյային չարժե փոխել, որովհետեւ հավանականություն կա, որ հաջորդը նույնպես կաշառակեր կլինի, հին ու ժանգոտ մեքենան չարժե փոխել, որովհետեւ ամենայն հավանականությամբ ժամանակի ընթացքում նորը նույնպես կհնանա ու կժանգոտի, եւ այսպես շարունակ: Կա՞ այդպիսի հավանականություն: Իհարկե կա: Բայց նշանակո՞ւմ է դա արդյոք, որ պիտի այդ (թեկուզ չնչին) հավանականությունն աչքի առաջ ունենալով՝ ոչինչ չձեռնարկել:

Ինչ վերաբերում է երկրում բռնապետություն հաստատելուն, ապա նման միտումներ տեսնողները երեւի լավ չեն հասկացել, թե իրականում ինչ է տեղի ունեցել Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիսին: Եթե անգամ ինքն իրեն միակ տղամարդ հռչակածն ու ինչքան պետք է՝ տոկոս խփողը չկարողացան բռնապետություն հաստատել Հայաստանում, ինչպե՞ս պիտի դա հաջողվի նրան, ով իշխանության է եկել ոչ թե քրեաօլիգարխիկ համակարգի եւ ուժայինների, այլ ժողովրդի աջակցությամբ: Եվ ընդհանրապես՝ հնարավո՞ր է արդյոք բռնապետություն հաստատել մի երկրում, որի ժողովուրդն ընդամենը երկու տարի առաջ ոտքի ելավ իշխանությունների դեմ՝ չվախենալով ոչ ներքին զորքերից, ոչ փշալարերից, ոչ դիմակավորված թաղային խուժանից:  Այդ ի՞նչ ռեսուրսներով պիտի նոր իշխանությունները Հայաստանում բռնապետություն հաստատեն, եթե անգամ նման ցանկություն ունենան: Ի վերջո իշխանությունների հիմնական ռեսուրսը ժողովուրդն է, իսկ ժողովուրդները, որպես կանոն, ոչ թե աջակցում են բռնապետության հաստատմանը, այլ պայքարում են նման փորձերի դեմ: Ի դեպ՝ որպես կանոն, հաջողությամբ: